Մեկնաբանություն

11.04.2022 17:58


«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» ու «այլ հարցեր»

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» ու «այլ հարցեր»

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, քանի որ չունի մանդատ: Դա նրա առաջին քայլն էր՝ բանակցային գործընթացը տապալելու, պատերազմ ու պարտություն բերելու ճանապարհին:

Իր այդ հայտարարությունից հետո Փաշինյանը բանակցեց: Բանակցեց ժամերով ու գաղտնի՝ Ալիևից խնդրելով ժամանակ (իշխանական աթոռը պնդացնելու նպատակով) ու խոստանալով զիջումներ: Այդ մասին հրապարակավ հայտարարել էր Ալիևը, որին պատասխան այդպես էլ չտրվեց (Փաշինյանը խոստացավ Հ1-ին հարցազրույց տալ ու պայթեցնել Ադրբեջանի ներքին կյանքը, բայց նախապես տեսագրված հարցազրույցը եթեր չգնաց, իսկ ինքը պատերազմից հետո Ալիևից ստացավ «հարբած ծաղրածու» պիտակը, որին նույնպես որևէ պատասխան չհնչեց):

Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ զբաղված էր բանակցային գործընթացը տապալելով: Նա հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից՝ զուգահեռաբար հայտարարելով, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին: Նա նաև հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ». սա իր «ռազմահայրենասիրության» գագաթնակետն էր:

Պատերազմից հետո Փաշինյանը «ռազմահայրենասերից» վերածվել է թուրք-ադրբեջանական քարոզիչի՝ պարբերաբար «հիմնավորելով», որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»:

Փաշինյան-Ալիև բրյուսելյան վերջին հանդիպումից պարզ դարձավ, որ 2018-ին Արցախը բանակցային սեղանին նստեցնելու հայեցակարգով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դա չի արել, այլ 2022-ի ապրիլի 6-ին համաձայնել է ալիևյան այն թեզին, ըստ որի՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի: Նրանց հանդիպումից հետո որևէ բառ չկար Արցախի ու արցախահայության իրավունքների, Արցախի կարգավիճակի ու բանակցային գործընթացի մասին:

Նիկոլենք հիմա փորձում են «կռուտիտներ» լինել, թե բա Արցախի հարցը դուրս չի մնացել՝ մատնացույց անելով Շարլ Միշելի կողմից տարածած այն հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան նաև «այլ հարցեր»: Իրականությունն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են թուրք-ադրբեջանական օրակարգով:

Սրանք, փաստորեն, «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռալով բերեցին-հասցրեցին մի վիճակի, երբ ՀՀ-ն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, իսկ Արցախի հարցն «ընկել» է «այլ հարցեր» հոդվածի տակ: Սրանք ոչ միայ Ստեփանակերտին չնստացրեցին բանակցային սեղանի շուրջը, այլ նաև Հայաստանին են գրեթե դուրս թողել բանակցություններից՝ Երևանին վերածելով ադրբեջանական ցանկությունները բավարարողի:

Ճիշտ է ասված՝ սրիկաների վերջին հանգրվանը «ռազմահայրենասիրությունն» է: Մեր դեպքում՝ ադրբեջանաթուրքասիրությունը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը