Քաղաքական

13.04.2022 16:09


Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը փոխանցել Ադրբեջանին. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը փոխանցել Ադրբեջանին. Անդրանիկ Թևանյան

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա փաստացի համաձայնել է Ղարաբաղը փոխանցել Ադրբեջանին՝ դա այլ կերպ ձևակերպելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ երբ Փաշինյանն ասում է, որ կարգավիճակի հարցը հետին պլան է մղվում, իսկ անվտանգությունն ու իրավունքներն առաջնահերթություն են դառնում, դա նշանակում է, որ նա առնվազն չի բացառում, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմում լինել՝ Բաքվի կողմից անվտանգության որոշակի երաշխիքների և իրավունքների ապահովման դիմաց։ Նա պարզաբանեց, որ դա իրականում Հայաստանի Անկախության հռչակագրի մերժում, Ղարաբաղյան շարժման գաղափարների մերժում, Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի մերժում է նշանակում։

Դա իր հերթին Հայաստանի նոր պարտություն և անվտանգության համակարգի կործանում է նշանակում։ «Դա այն նույն բանաձևն է, որը մերժվել էր 1997-1998 թվականներին, բայց՝ վատագույն տարբերակով, քանի որ հիմա մենք նաև մարդկային կորուստներ ունեցանք, տարածքային զիջումների գնացինք։ Նիկոլ Փաշինյանը փաստացի առաջարկում է հաշտվել այն մտքի հետ, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմում լինել՝ դա հիմնավորելով նրանով, որ ինքը փորձում է կյանքեր փրկել։ Երբ Փաշինյանը հիշեցնում է, որ իրեն կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, ապա այս հայտարարության ենթատեքստը զիջումներ է նշանակում՝ նույն սխալներից խուսափելու և պատերազմից խուսափելու համար»,-հավելեց Թևանյանը։

Ըստ ընդդիմադիրի՝ Փաշինյանը «Սերգո, դու վատ կապրես, քանի դեռ Ղարաբաղը կա» բանաձևը փոխարինել է «Սերգո, դու վատ կապրես, քանի դեռ Ղարաբաղը կա, բայց այլևս անվտանգ չես ապրի»։

«Եթե նա խոսում է Ղարաբաղի հարցում նշաձողն իջեցնելու և այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չթողնելու հարցում Հայաստանը միայնակ է և պետք է զիջումների գնալ, դա նշանակում է զիջումներ՝ հանուն ոչնչի, ինչն իր հերթին կապիտուլյացիա է նշանակում։ Ընդ որում, պարզ չէ, թե ինչ միջազգային հանրության մասին է խոսքը»,-շեշտեց պատգամավորը։

Նա նշեց, որ նույն հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակասական բնույթ են կրում: Մի կողմից նա ասում է, որ Ադրբեջանը հակահայկական քաղաքականություն է վարում և պատրաստվում է հայերին վտարել Ղարաբաղից, մյուս կողմից խոսում է զիջումների անհրաժեշտության մասին, որպեսզի Ղարաաբղի հայերի իրավունքները պաշտպանված լինեն։ «Այդպես չի լինում: Նա, ըստ էության, տարբեր լսարանների է դիմում: Եթե ​​նախկինում փոխզիջման սկզբունքը կարգավիճակի դիմաց տարածքներ էր ենթադրում, այսինքն՝ Ղարաբաղի անկախության հաստատման ու ճանաչման դիմաց, ապա այժմ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ղարաբաղը հանձնել որոշ ժամանակով խաղաղ կյանքի դիմաց։ Սա փաստացի հարվածում է անվտանգության համակարգին և Հայաստանի ու Ղարաբաղի շահերին»,-եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել էր, որ եթե նախկինում բանակցությունների հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, ապա այժմ խոսքն անվտանգության և օրենքի երաշխավորման մասին է։ Փաշինյանը հայտնել էր, որ միջազգային հանրությունը բաց տեքստով խոսում է աշխարհում միակ երկիրը լինելու վտանգի մասին, որը չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հասկացնելով, որ պաշտոնական Երևանի նման դիրքորոշումը մեծ սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի համար:

Այս խորագրի վերջին նյութերը