Մեկնաբանություն

16.05.2022 10:10


Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ

Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ

Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խորացրեց ոչ միայն քաղաքական ճգնաժամը (այն չէր հաղթահարվել 2021–ի արտահերթ ընտրությունների արդյունքում), այլ նաև ստեղծեց այլ տիպի ճգնաժամեր՝ պետականության, արժեհամակարգային, ինքնության և այլն։

Դիմադրության շարժումն արդեն տևական ժամանակ է՝ մոտ երեք շաբաթ, նոն–ստոպ ռեժիմով հակակառավարական ցույցեր, բողոքի գործողություններ և հանրահավաքներ է կազմակերպում։ Ֆրանսիայի հրապարակը վերածվել է հակաիշխանական կենտրոնի։

Հակառակ բոլոր կանխատեսումների՝ հանրային ընդվզման ալիքը չի մարում և չի էլ մարելու, քանզի նժարի վրա Հայաստանի ու Արցախի լինել–չլինելու հարցն է։ Այն զանգվածը, որը դուրս է եկել պայքարի, բավական պասիոնար է, գերմոտիվացված և արմատական տրամադրված՝ փաշինյանական իշխանության նկատմամբ։ Այս զանգվածին եղանակային, մանիպուլյացիոն կամ այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր չէ պասիվացնել։

Տարբեր սոցհարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Փաշինյանին կայուն դեմ է մեր հանրության շուրջ 70 տոկոսը։ Նրա ակտիվ կողմնակիցները չեն անցնում 15 տոկոսից։ Նիկոլին դեմ զանգվածի մեծ մասն առայժմ տանից է միանում Դիմադրության շարժմանը։ Թե ինչու է այդպես ստացվում, այլ խոսակցության թեմա է։ Այս պահին պետք է արձանագրել, որ Դիմադրության շարժմանը հաջողվել է ուժի կենտրոն ձևավորել ու «ձեռքի հետ» առաջացնել սահմանադրական ճգնաժամ։

Բանն այն է, որ Դիմադրության շարժման բաղկացուցիչ մաս կազմող երկու ընդդիմադիր խմբակցություններն այլևս չեն գնում խորհրդարան, քանզի այնտեղ անելիք այս փուլում չկա։ Սա ամբողջությամբ դելեգիտիմացնում է խորհրդարանը, քանզի խորհրդարանական կառավարում ունեցող երկրում խորհրդարանն այլևս թիվ մեկ ամբիոնը չունի։ Այդ ամբիոնը տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ։

Սահմանադրական այս ճգնաժամից ելքը քաղաքական փոփոխություններն են։ Դատախազությունն, ի դեպ, այն կառույցներից է, որը կարող է հանգուցալուծել այս ճգնաժամը՝ Նիկոլ Փաշինյանին զոհվածի ծնողների բողոքի հիման վրա կալանքի տանելու տարբերակով։ Սա քաղաքական ու սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ձևերից մեկն է։ Իսկ ամենալավ ձևը հանրային լայն մոբիլիզացիան է ու փողոցային պայքարի ուժեղացումը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը