Մեկնաբանություն

16.07.2022 13:46


Նիկոլի զոհերը

Նիկոլի զոհերը

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տարբեր պիտակավորումներ են տրվում՝ դավաճան, ստախոս, անգրագետ․․․, բայց ամենատիպիկ բնորոշումը մարդասպանն է։ Նիկոլի իշխանությունը մահաբեր է, այն միայն արյուն և աղետ է բերում մեր երկրին ու ժողովրդին։

Հիշե՛նք Նիկոլի մարդասպանության որոշ դրվագներ․

Մհեր Եղիազարյան․ մահացել է 2019թ․ հունվարի 26-ին՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ում՝ 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո։

HayNews.am կայքի պատասխանատու 50-ամյա Եղիազարյանը ՀՔԾ-ի կողմից կալանավորվել էր 2018թ. դեկտեմբերի 3-ին: Նա մեղադրվում էր կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության համար՝ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով:

Մհեր Եղիազարյանն իր կալանավորումը համարում էր ապօրինի, իսկ նախաքննությունն՝ ուղղորդված, ինչի համար էլ և հայտարարել էր հացադուլը։

Կորոնավարակ․ Նիկոլի ապաշնորհ, փնթի, անլուրջ և անպատասխանատու իշխանության գործելաոճի հետևանքով Հայաստանում հնարավոր չեղավ կանխել կորոնավարակի սկզբնական ալիքի տարածումը, իսկ հետո էլ՝ իրականացնել վարակի դեմ գրագետ պայքար։

Այս պահի դրությամբ մեր երկրում կորոնավարակից մահացել է շուրջ 9 հազար մարդ։ Սա՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածների թիվը շատ ավելի մեծ է։

Մանվել Գրիգորյան․ մահացել է 2020թ. նոյեմբերի 19-ին։ Նիկոլական իշխանության կողմից հետապնդման էր ենթարկվում հայտնի «տուշոնկաների գործով»։ Պարզվեց՝ դա մոնտաժ է եղել։

Չնայած մի շարք ծանր հիվանդություններին՝ 64-ամյա Մանվել Գրիգորյանին շարունակում էին կալանքի տակ պահել և խոշտանգման ենթարկել։ Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Եվ սա միայն այն բանից հետո, երբ կալանավայրում Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ։ Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը մերժվել էր։

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանը հայտնի էր նաև նրանով, որ 2008թ․ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, խոստացել էր անցնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանել եր։ Տեր-Պետրոսյանն՝ ի նշան ողջույնի, անգամ նրա անունն էր վանկարկում Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ։

Կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանին բանտում պահելով՝ Նիկոլը յուրօրինակ վրեժ էր լուծում 2008-ին իրենց չմիանալու համար։ Հիշեցնենք, որ Նիկոլի կազմակերպած մարտիմեկյան հանցագործության արդյունքում 10 մարդ սպանվեց, հարյուրավոր վիրավորներ ունեցանք, որոնց մեծ մասը՝ ոստիկաններ։

44-օրյա պատերազմի զոհեր․ 2020թ․ Նիկոլի հրահրած ու պարտված պատերազմի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, 3 հազար 825 է։ Ոչ պաշտոնական տվյալներով, այդ թիվը հատում է 5 հազարը։

Տասնյակ հազարավոր երիտասարդներ էլ դարձել են հաշմանդամ, հարյուր հազարավորները՝ տնավեր, անթիվ-անհամար օջախներ դժբախտացան, կորցրեցինք Արցախի ինքնիշխանությունը, տարածքների 75 տոկոսը։ Այսօր էլ թշնամին շարունակում է կրակել, սպանել և տեղակայված մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Անհայտ է համարվում 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Հստակ չի նշվում ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների թիվը։ Փոխարենը, հայերի անցյալն ու ներկան կործանած, Եռաբլուրը կրկնապատկած նիկոլական մահաբեր իշխանությունը շարունակում է խաբել և մոլորեցնել հանրությանը՝ կեղծ խաղաղասիրական լոզունգներ հրամցնելով։

Սոնա Մնացականյան․ 2022թ․ ապրիլի 16-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում 29-ամյա հղի կինը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ընթացքի ժամանակ վրաերթի ենթարկվեց և սպանվեց։

Ավտոշարասյան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկանգնեց Սոնային օգնություն ցուցաբերելու և նրան թողեց փողոցում անօգնական ընկած։ Ավելին, հղի կնոջը վայրագ վրաերթի ենթարկած ՃՈ ավտոմեքենայի վարորդը մինչև հիմա ազատության մեջ է․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու բողոքը։ Իսկ Սոնա Մնացականյանի հայրն ահազանգում է, որ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են։

Արմեն Գրիգորյան 2022թ․ հուլիսի 15-ին դատարանի դահլիճում՝ բոլորի աչքի առաջ, մահացավ պրոդյուսեր, Նիկոլ Փաշինյանի դաժան քննադատներից Արմեն Գրիգորյանը, ով շինծու հոդվածով կալանավորվել էր մայիսի 17-ին և ապօրինաբար պահվում էր ՔԿՀ-ի մենախցում։ Անգամ արգելված էր նրան տեսակցելը։

Արմեն Գրիգորյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի հերթական զոհը, այս պահի դրությամբ՝ դեռ վերջինը։ Ու որպեսզի մահաբեր այս շղթան կանգնեցվի, պետք է օր առաջ վռնդել Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին իշխանությունից։

Կորյուն Մանուկյան

ՀԳ Նիկոլի իշխանության օրոք քիչ չեն նաև կասկածելի մահերը։

Գրիգորի Հայրապետով․ Պետական պահպանության ծառայության նախկին պետ, ով 2018թ․՝ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտնի «վերելակային դիվանագիտության» միակ վկան էր։ 55-ամյա Հայրապետովը մահացել է 2022թ․ հունվարի 1-ին, պաշտոնական վարկածով՝ սրտի կաթվածից։

Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ) ՊՊԾ նախկին պետ։ 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» 2 ամիս անց պաշտոնաթող է եղել։ Նրան փոխարինել է Գրիգորի Հայրապետովը։ Հրաչյա Հարությունյանը մահացել է 2021թ․ ապրիլի 15-ին, պաշտոնական վարկածով՝ կրկին սրտի կաթվածից։

Գեորգի Կուտոյան ԱԱԾ նախկին պետ։ 2020թ․ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր նրա դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է։ Պատճառը հայտնի չէ։ Նշենք, որ Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր 2018թ․ մեր երկրի համար ճակատագրական իրադարաձությունների ժամանակ։

Աշոտ Կարապետյան Երևանի նախկին ոստիկանապետ։ Պաշտոնանկ էր արվել 2016թ. ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդած հայտնի բախումներից հետո։ 2018թ․ իրադարձություններից հետո բնակվում էր ՌԴ-ում՝ Պյատիգորսկ քաղաքում։ 2019թ․ նոյեմբերի 28-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է գարեջրի մասնավոր գործարանում տեղի ունեցած պայթյունից։

Հայկ Հարությունյան ՀՀ նախկին ոստիկանապետ։ 2019թ․ սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր նրա դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հետագայում գործը կարճվեց։

Գուրգեն Եղիազարյան ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ։ Մահացել է 2020թ․ հոկտեմբերի 28-ին։ Կորոնավիրուսով վարակված Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ կասկածներ ունենալով, որ նիկոլական ռեժիմն իրեն կսպանի։ Նա նիկոլենց ամենասուր քննադատներից էր։

Այսպիսով, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում, մահացել են ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԱԾ Պետական պահպանության ծառայության երկու նախկին պետ, ՊՆ նախկին փոխնախարար, Երևանի նախկին ոստիկանապետ։

Ավելորդ չէ նշել, որ նրանք բոլորը ուժային ոլորտի ինֆորմացիա կրող անձինք էին։

Այս խորագրի վերջին նյութերը