Լրահոս

02.08.2022 20:15


Columbia Records-ը պայմանագիր է կնքել «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի հետ

Columbia Records-ը պայմանագիր է կնքել «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի հետ

Snap երգի՝ համաշխարհային հիթ շքերթներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնելուց հետո «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը ինստագրամյան իր էջում հայտնել է ևս մեկ ձեռքբերման մասին։ Երգչուհին պայմանագիր է կնքել Columbia Records ընկերության հետ: Կիսվելով իր՝ ևս մեկ իրականացած երազանքով՝ Ռոզան կրկին կոչ է արել իր հետևողներին չհանձնվել ու գնալ երազանքների հետևից․

«Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ Columbia Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս ստուդիան տուն է իմ կուռքերից շատերի համար։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան, և որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։ Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ․ հիմա ես պատրաստ եմ մեր ուղևորության հաջորդ փուլին։

Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, և ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ աշխատասիրությունն ու վճռականությունն, ի վերջո, պարգևատրվում են»,-գրել է երգչուհին։

Վանաձորում ծնված 22-ամյա Ռոզա Լինը իր հեղինակային Snap երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2022»-ին, որտեղ զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, սակայն մրցույթից հետո Ռոզայի՝ անկեղծ էմոցիաներից ստեղծված երգը նրան հասցրել է համաշխարհային հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներ։ Երգը ակտիվորեն կիրառվում է նաև տիկտոկյան ու ինստագրամյան մի շարք հոլովարկերում, որոնցից շատերն ունեն միլիոնավոր հավանություններ։

Ինչ վերաբերում է Columbia Records-ին, այն պատկանում է Sony Records Entertainment ընկերությանը։ Այս լեյբլի ներքո ձայնագրվել են այնպիսի արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն, AC/DC-ն, Aerosmith-ը, Դևիդ Բոուին, Մրայա Քերին, Pink Floyd-ը, Ֆրենկ Սինատրան, Բարբարա Սթրեյզանդը և այլք։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը