Քաղաքական

03.08.2022 19:02


«Այս պահին թշնամու կրակոցները դադարել են, բայց իրենց մոտ մեքենա է վառվում ու մեքենայի մեջ եղած սնարյադներն են պայթում». Հաթերքի գյուղապետ

«Այս պահին թշնամու կրակոցները դադարել են, բայց իրենց մոտ մեքենա է վառվում ու մեքենայի մեջ եղած սնարյադներն են պայթում». Հաթերքի գյուղապետ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը կրկին տեղեկացրեց, որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

Այս հաղորդագրություններից հետո, համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որ թշնամին կրակում է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ կրակոցները գյուղից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա են։

«Կրակոցների ձայները գյուղում լսվում էին։ Գյուղը որևէ վնաս չի կրել, մարդիկ մի քիչ անհանգստացել էին, բայց մենք կարողացանք ամեն ինչ նորմալ, բնականոն ընթացքի մեջ դնել, փորձեցինք մարդկանց ինչքան հնարավոր է հանգստացնել։

Այս պահին թշնամու կրակոցները դադարել են, բայց իրենց մոտ մեքենա է վառվում ու մեքենայի մեջ եղած սնարյադներն են պայթում։ Այս պահին իրավիճակը կոնկրետ գյուղում հանգիստ է»,-եզրափակեց Վարդան Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը