Քաղաքական

19.08.2022 19:50


Այս քայլով մենք դռները բացում ենք ու ասում ենք՝ համեցեք, ինչ ուզում եք, մեզ հետ արեք․ Կութի գյուղապետ

Այս քայլով մենք դռները բացում ենք ու ասում ենք՝ համեցեք, ինչ ուզում եք, մեզ հետ արեք․ Կութի գյուղապետ

Panorama.am-ը գրում է․ «Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում բացվելիք անցակետը բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել հարևան Կութում, որն անցակետից մոտ 12-13 կմ հեռավորության վրա է։ Ճանապարհը, որով անցնելու են ադրբեջանցիները, Կութից 2.5 կմ է հեռու։

«Որևէ գյուղացի, որևէ մարդ չի կարող նորմալ ընդունել, որ մեր գյուղերի արանքով, մեր ճանապարհներով թուրքերը պետք է գնան-գան։ Ո՞վ է վերահսկելու նրանց տեղաշարժը, ո՞վ կերաշխավորի դրսում գտնվող երեխայի անվտանգությունը։ Մեր մտավախություններն ու մտահոգությունները շատ են։ Ենթադրենք մեքենայով անցնող թուրքը մեր անասունին գցեց տակը, անցավ, գնաց, նրան կարողանալո՞ւ են գտնել, բերել ու պատասխանտվության ենթարկել։ Մի երեխա գցեց տակը...Ո՞վ կարող է երաշխավորում, որ այդ մեքենան չի շեղվի ու չի մտնի Կութ, ինչ որ բան չի անի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Կութ վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Ավագյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու մասին նախ Փաշինյանի հայտարարությունը, ապա հրապարակված օրինագիծն Ավագյանի ու նրա համագյուղացիների համար շատ անսպասելի են եղել։

«Շոկային է։ Եթե նման որոշումը վերևից է եղել, մեր տասը, հարյուր հոգու բողոքն ինչ-որ բան կփոխի՞։ Սա բոլորիս խնդիրն է։ Քանի՞ օր է մնալու այդ մեքենան Հայաստանում։ Ենթադրենք, մեքենան եկավ ու փչացավ Սոթքում, ի՞նչ ենք անելու։ Գնալո՞ւ ենք կողքը կանգնենք, որ ոչ մեկ չկպնի դրան, թե՞ կանգնելու ենք, որ ոչ մեկ դուրս չգա այդ մեքենայից ու չմտնի Սոթք։ Մենք չենք ընդունում, որ թուրքը գա նստի մեր սարերում, խոտհարքներում, էլ ուր մնաց թուրքը անցակետով անցնի Հայաստանի մի ծայրից մյուսը՝ հասնելու Նախիջևան»,-նշում է Ավագյանը։

Նա ընդգծում է, իրականում Հայաստանի բոլոր գյուղերում, քաղաքներում ապրող մարդկանց անվտանգությունը վտանգի տակ է դրվում։

«Ցանկացածիս հետ կարա լինի ցանկացած բան, ոչ ոք չի կարող ասել, որ ապահովագրված է այս կամ այն դեպքից։ Ախր դուք ո՞նց եք մտածում, երեխան պետք է դպրոց գնա։ Կարո՞ղ ենք վերահսկել երեխայի դպրոց գնալը, գյուղի գործերը պիտի թողնենք՝ անասուն է, կարտոլ է, այգին է, էս է, էն է.. թողնենք երեխային դպրոց տանենք, հետո հետ բերենք։ Ես մտածում եմ, որ այս քայլով մենք դռները բացում ենք ու ասում ենք՝ համեցեք, ինչ ուզում եք, մեզ հետ արեք։ Ուրիշ կերպ չեմ կարող նկարագրել, որ դուք ավելի լավ հասկանաք։ Մենք ասում ենք՝ համեցեք, ինչ ուզում եք մեզ հետ արեք։ Մենք չէ, իհարկե, մեր ղեկավարությունը»,-ասում է Ավագյանը։

Նրա խոսքով, եթե անցակետեր ունենալն անխուսափելի քայլ է, ապա Փաշինյանի գլխավորությամբ պետք է իրականցվի վերահսկողություն, պետք է ադրբեջանցիների մուտքի համար տրամադրվեն հատուկ ժամեր, ուղեկցող մեքենաներ, որպեսզի որևէ տեղ չկանգնեն, մտնեն ու դուրս գան։

«Իսկ եթե չի վերահսկվում, նշանակում է, որ մենք քիչ-քիչ հանձնվում ենք թուրքերին»,-նշում է Կութի գյուղապետը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելուն.

«Սոթք» («Քելբաջար»)
Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային
(Քելբաջարի շրջան)

«Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային
(Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)

«Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային
(Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)»»։

Այս խորագրի վերջին նյութերը