Քաղաքական

02.09.2022 19:15


ԱԺ-ում պատգամավորների օգնականների և փորձագետների նկատմամբ կիրառվելու է նոր սանկցիա՝ ԱԺ շենքից չբացակայելու համար

ԱԺ-ում պատգամավորների օգնականների և փորձագետների նկատմամբ կիրառվելու է նոր սանկցիա՝ ԱԺ շենքից չբացակայելու համար

ԱԺ-ում սեպտեմբերի 1-ից սկսած, եթե պատգամավորների օգնականները, փորձագետներն առավոտյան ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն ներկա չլինեն ԱԺ շենքում, ապա նրանց նկատմամբ կկիրառվեն կարգապահական տույժեր։

Այս մասին օրերս ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարությունից ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին, աշխատողներին, մշտական հանձնաժողովների քարտուղարություններին, ԱԺ խմբակցությունների գրասենյակներին և պատգամավորների օգնականներին հատուկ գրություն են ուղարկել։

Գրության մեջ մասնավորապես նշված է.

«Տեղեկացնում ենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԱԺ աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների 11-րդ և 14-րդ կետերով պարտադիր գտնվելու պահանջն անհարգելի պատճառով չկատարելու դեպքում ամենայն խստությամբ կիրառվելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով և «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգապահական տույժերը»։

Այս գրությունը զայրացրել է շատ պատգամավորների օգնականներին, որոնց խոսքով՝ այս ամենն արվում է զուտ նրա համար, որպեսզի սահմանափակեն նրանց գործունեությունն ԱԺ շենքից դուրս, որտեղ կարող են հայտնվել պատգամավորի իմացությամբ ու հանձնարարությամբ այս կամ այն աշխատանքը կատարելու համար։

«Վստահ եմ, որ այս ամենն անում են, որպեսզի ամսվա վերջում կամ աշխատավարձից պահումներ անեն, կամ էլ, օրինակ, պարգևավճարներ չտան՝ պատճառաբանելով, թե մի քանի անգամ բացակայել ենք ԱԺ շենքից։ Ավելին՝ այնպես են ուզում անել, որ, օրինակ, օգնականները պատգամավորների հետ չկարողանան փողոցում մասնակցել այս կամ այն ակցիային ու մշտապես գտնվեն ԱԺ շենքում»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկի օգնականը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ-ում երկար տարիներ փորձագետ Ինեսսա Վարդանյանը խոսելով այս գրության մասին՝ փոխանցեց, որ պայմանագրերում աշխատանքային ժամեր առհասարակ ֆիքսված չեն։

«Ինքս այս պահին ԱԺ-ում չեմ աշխատում, բայց ոչ փորձագետների, ոչ պատգամավորների օգնականների պայմանագրերում աշխատանքային ժամեր ֆիքսված չեն։ Կարծում եմ՝ սրանով հարցը փակվում է, որովհետև պայմանագրով այլ բան է նախատեսված, և, բնականաբար, պայմանագիրն ավելի բարձր ուժ ունի, քան ներքին իրավական ակտը։

Ինչո՞ւ է փորձագետի և պատգամավորի պաշտոնը հայեցողական, քանի որ այն կապված է աշխատանքի բնույթի հետ, այսինքն՝ չի բացառվում, որ պատգամավորն իր օգնականի կարիքն ունենա դրսում տեղի ունեցող հանդիպման ժամանակ։ Օրինակ՝ հանդիպում է ԵՄ դեսպանի հետ, և ինքը գնում է օգնականի հետ, հետևաբար՝ այս որոշումն անհեթեթ է։ Մի խոսքով՝ ներկայիս ԱԺ-ն իր ոճի մեջ է, երբ ես էի աշխատում ԱԺ-ում, այդ ժամանակ երբեք նման պահանջ չի դրվել փորձագետներին»,-նշեց Ինեսսա Վարդանյանը։

Z

Այս խորագրի վերջին նյութերը