Կարծիք

16.09.2022 07:16


Ո՞վ կվերցնի փշե պսակը

Ո՞վ կվերցնի փշե պսակը

«Խաղաղության դարաշրջանի» խոստացված հայեցակարգն ամբողջությամբ փլուզվել է։ Նիկոլ Փաշինյանը ապալեգիտիմացվել է մինչև վերջ։ Նա այլևս ավարտված գործիչ է անգամ պողոսների համար։

Նիկոլը մնում է իշխանության՝ իներցիայով։ Այն պատճառով, որ այլընտրանքային հայտ ներկայացնող դեռ չկա։ Բայց պետք է լինի։ Չի կարող չլինել։ Բնությունը վակուում չի սիրում։ Ֆիզիկայի օրենքները քաղաքականության մեջ էլ են ճշգրիտ գործում։ Հո՞ չենք կարող թույլ տալ, որ աչքներիս առաջ Հայաստանն ու Արցախը փլուզվեն։

Խնդիրը պարզունակ չէ, ինչպես որ փորձում են պարզունակ դարձնել՝ ներկայացնելով որպես աթոռակռիվ։

Մեզ հիմա ոչ թե վարչապետի թեկնածու է պետք, այլ մարդ, ով այս ծանր բեռն ու պատասխանատվությունը կվերցնի իր ուսերին, կկարողանա ձևավորել պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդկանցից, եթե կուզեք՝ անձնուրաց մարդկանցից կազմված թիմ ու կկարողանա փրկել երկիրը կործանումից, իսկ հայ ժողովրդին՝ նոր ցեղասպանությունից։

Սա դուրս է իշխանություն–ընդդիմություն մրցակցության ստանդարտ վիճակից։ Հիմա այնպիսի վիճակ է, որ պատասխանատվություն ամեն մեկն իր վրա չի վերցնի։ Դա փշե պսակ է։

Այդ փշե պսակի ֆորմալ կրողը կա։ Ժողովուրդն արդեն որոշել է, թե ում է տեսնում այլընտրանք։ Բայց դա պսակակրի ֆորմալ կարգավիճակ է ու դեռ կարիք ունի պրակտիկայում ապացուցման։ Բնակա՞ն է արդյոք այդ կարգավիճակը, թե՞ արհեստական, ցույց կտա մոտ ապագան։ «Խաղաղության» կուսակցություն ներկայացողները, ինչպես կանխատեսել էինք, պատերազմ բերեցին։ Հիմա պահն օրհասական է։ Հայաստանը փոփոխության խիստ կարիք ունի։

Կրկնեմ՝ բնությունը վակուում չի սիրում։ Եթե ֆորմալ պսակակիրը չի մտնում ու չի վերցնում պատասխանատվությունը, ուրեմն կա՛մ պետք է ակտիվ քայլեր անի փշե պսակի տրանզիտի ու հասարակական–քաղաքական լայն մոբիլիզացիայի ապահովման ուղղությամբ, կա՛մ պետք է հրապարակավ հայտարարի, որ չի կարող պատասխանատվություն վերցնել և կարիք կա վակուումը լցնել նոր առաջնորդով։

Եկել է ճշմարտության պահը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը