Աշխարհ

09.11.2022 18:42


Մոտ ենք կոնկրետ նախագծերի իրականացմանը. Զախարովան` ՀՀ–Ադրբեջան բանակցությունների մասին

Մոտ ենք կոնկրետ նախագծերի իրականացմանը. Զախարովան` ՀՀ–Ադրբեջան բանակցությունների մասին

Ռուսաստանը նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրման երկու տարին։ Նրա կարծիքով՝ այս քայլը թույլ է տվել վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորմանն է սկիզբ դրվել։

Զախարովան ընդգծել է, որ եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը արդյունավետորեն կատարում է իր առջև դրված խնդիրները, էական ներդրում է կատարում տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:

«Դա գնահատում են մեր հայ և ադրբեջանցի ընկերները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունները հիմք են դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար»,–ասել է Զախարովան։

Նա կարծում է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխվարչապետների համանախագահությամբ մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

«Մենք գնում ենք Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտման նպատակով կոնկրետ նախագծերի շուտափույթ իրականացման ճանապարհով։ Ըստ առաջնորդների 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծվել և աշխատանքի է անցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովը»,–ասել է նա։

Զախարովայի գնահատմամբ՝ այս մեխանիզմի աշխատանքը տարածաշրջանում իրավիճակի կայունացման տեսանկյունից կրիտիկական նշանակություն ունի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը