Տնտեսական

21.11.2022 20:15


Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները (տեսանյութ)

Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները (տեսանյութ)

Տրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը: Տղամարդկանց մի խումբ արագ-արագ այգու մետաղական լարերն է հավաքում, մյուսներն օգնում են, որ տրակտորը բետոնե հենասյուները հողից դուրս բերի:

Նարեկ Փոլադյանը փոքր տրակտոր ունի և վճարովի հիմունքներով ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Հացիկ և հարևան գյուղերի հողագործներին: Խաղողի բերքահավաքից հետո Նարեկի հիմնական զբաղմունքը դարձել է խաղողի այգիների քանդումը: Արդեն չի հիշում, թե քանի հեկտար այգի է քանդել ու քանիսն են հերթի մեջ սպասում: Ժամանակ չի ունենում, որ իր մեկ հեկտար այգին էլ քանդի:

Արդեն 15 օր է՝ գյուղացիները մեծ թափով սկսել են քանդման աշխատանքները: Նարեկն ասում է, որ այգին քանդելուց հետո մտածում է պտղատու ծառերի այգի հիմնելու կամ հողն օգտագործելու՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար: Հույս ունի, որ գոնե լոլիկը, վարունգը կիլոգրամով կկարողանա վաճառել, ինչը տեխնիկական սորտի խաղողի դեպքում հնարավոր չէ:

Նարեկը պատմեց, որ այգի քանդելը ևս ծախսատար է, և շատերը, գումար չունենալու պատճառով, չեն քանդում: Նշում է, որ 1 հեկտար խաղողի այգին քանդելու և տարածքը վարելահող դարձնելու համար առնվազն 500-600 հազար դրամ գումար է անհրաժեշտ:

Դիզելային վառելիքը թանկացել է, բանվորական ուժը՝ նույնպես: Մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ 1 հեկտար այգին քանդելու համար: Իսկ բանվորի օրավարձը 10 հազար դրամ է:

«Ավելի լավ ա խաղողի այգի չմշակես, քան 80 դրամով խաղող հանձնես: Ժողովուրդը մեղք չե՞ն, բոլորը վարկերի ու տոկոսների տակ են: Ես էլ 5 մլն դրամ վարկ ունեմ, այգու հույսով էի վերցրել, բայց այգին մինուսով է աշխատում, ո՞նց փակեմ վարկը»,-ասում է Նարեկը:

Գյուղացիները քանդում են ոչ միայն «ծերացած», այլև երիտասարդ այգիները, որոնց վրա խոշոր գումարներ են ծախսել: Նույնիսկ այդ հանգամանքը հետ չի պահում գյուղացիներին այգիները քանդելու մտքից: Նարեկն ասում է, որ սեպտեմբերն ու հոկտեմբերը ամենատանջալից ամիսներն են խաղողագործների համար: Չգիտեն՝ որտեղ և ինչ գնով կկարողանան խաղողը վաճառել:

«Դրա համար ավելի լավ ա քանդենք, թափենք, չգանք, չտեսնենք, սրտներս չցավա: 5 տարեկան երեխուց բռնած ժողովուրդը գալիս, չարչարվում են հողերի մեջ, որ գոնե աշունը գա մի արդյունքի հասնի»,-ասում է Նարեկը:

Սակայն, մթերման հանձնելն էլ գյուղացիներին չի ոգևորում: Մթերող գործարանները խաղողի մթերման գումարները վճարում են 8-9 ամսվա ընթացքում: Գնաճի և դրամի արժեզրկման պայմաններում գյուղացիները այստեղ ևս վնասներ են կրում:

«Մեր հիմնական սպիրտն արտահանվում է դուրս, իսկ այս պահին ունենք սպիրտի արտահանման խնդիր: Տեսնում ենք, թե Լարսում ինչ է կատարվում, արտահանող բեռնատարները գնում, օրերով կանգնում ենք այնտեղ»,-ասում է Կարեն Մկրտչյանը:

Համայնքապետի խորհրդականի խոսքերով` Կառավարությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում։ Գյուղատնտեսական հումք մթերողներին անտոկոս վարկ է տրամադրում, որպեսզի մթերեն խաղողը, սակայն շատ գործարարներ չեն մտնում այդ բեռի տակ: Ռիսկը մեծ է, որ չեն կարողանա սպիրտը վաճառել:

«Մարտ-ապրիլ ամսից խաղողագործն իր պայմանագիրը` իր երաշխիքներով պետք է ունենա, որ իմանա սեպտեմբերին մթերման խնդիր չի ունենա: Խաղողագործությունը շատ դժվար աշխատանք է պահանջում»,-ասում է Կարեն Մկրտյանը:

Համայնքային պաշտոնյան նշեց, որ խաղողն Արմավիրի մարզում ամենաբարձրարժեք կուլտուրան է: Դեռ վաղ է թվային տվյալներ ներկայացնել, թե քանի հեկտար այգի է քանդվել: Տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ: Հետևաբար չի էլ կարող ասել, թե քանդման ծավալներն ինչ ազդեցություն կարող են ունենալ:

Աղբյուրը` hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը