Աշխարհ

23.11.2022 07:47


Ռոնալդուն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Ռոնալդուն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետից շուտ կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան «Օլդ Թրաորդ»-ում անցկացրած երկու հատվածների ընթացքում ունեցած ներդրման համար, որոնց ընթացքում նա 346 խաղում դարձել է 145 գոլի հեղինակ։ Նրան և նրա ընտանիքին լավագույնն ենք մաղթում ապագայում»,-ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում բոլորը շարունակում են կենտրոնացած մնալ ակումբի առաջընթացի վրա՝ Էրիկ Տեն Հագի գլխավորությամբ։

Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռոնալդուն։ ««Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ բանակցությունների արդյունքում մենք փոխադարձ համաձայնությամբ խզում ենք պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սիրում եմ երկրպագուներին, որոնք երբեք չեն փոխվի։ Սակայն, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ ես նոր մարտահրավեր փնտրեմ ինձ համար։ Թիմին ամենայն հաջողություն եմ մաղթում մրցաշրջանի մնացած հատվածում և ապագայում»,-Ռոնալդուի հայտարարությունը մեջբերել է BBC-n:

Կրիշտիանու Ռոնալդուն օրերս տված հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ ակումբի ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում սպորտային ասպեկտը։ Ռոնալդուն նշել էր, որ ակումբը նրանց համար ընդամենը մարքեթինգային նշանակություն ունի։ Ռոնալդուն նաև հայտարարել էր, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ Տեն Հագին, որը իր հանդեպ հարգանք չի ցուցաբերում։ Կրիշտիանու Ռոնալդուն նշել էր, որ ակումբը որևէ առաջընթաց չի ունեցել այն պահից, երբ թիմից հեռացել է երկարամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ Այդ հարցազրույցին հետևել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտարարությունը, որ քայլեր են ձեռնարկել՝ կապված Ռոնալդուի հարցազրույցի հետ։ Այդ հայտարարությամբ ակումբը նշել էր, որ հավելյալ մեկնաբանություններ չեն լինելու, մինչև գործընթացն ավարտին կհասցվի։

Ռոնալդուն այս պահին Պորտուգալիայի հավաքականի հետ Կատարում է, որտեղ ընթանում է Մունդիալ-2022-ը։ Պորտուգալիայի հավաքականը Մունդիալում իր առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին․ մրցակիցը Գանայի հավաքականն է։

Այս խորագրի վերջին նյութերը