Աշխարհ

09.01.2023 11:48


Եգիպտոսի հյուսիս-արևելքում ձյուն է եկել

Եգիպտոսի հյուսիս-արևելքում ձյուն է եկել

Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Շարքիա նահանգի մի քանի շրջաններում կիրակի գիշեր ձյուն է եկել, գրել է տեղի Ad Dustour թերթը։

Թերթի տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ առաջ Շարքիայի բնակավայրերում ճանապարհները և շենքերի տանիքները պատվել էին թաց ձյան բարակ շերտով։ Թերթը հրապարակել է 10-րդ Ռամադան քաղաքի բնակիչների լուսանկարներ. քաղաքի գրեթե բոլոր փողոցները և հրապարակները պատված են ձյունով, իսկ մայրուղիները՝ սառցաշերտով։

Կահիրեի իշխանությունները հորդառատ անձրևներից հետո արտակարգ ռեժիմ են մտցրել քաղաքի ճանապարհային և կոմունալ ծառայությունների համար։ Նահանգապետ Հալեդ Աբդել Ալայի կարգադրությամբ բնակարանային-կոմունալ տնտեսությունների համակարգի բոլոր աշխատակիցները շուրջօրյա աշխատում են, անընդհատ կապ է պահպանվում օդերևութաբանական վարչության հետ, հերթապահում են վթարային բրիգադները։ Կահիրեի շատ փողոցներ փակ են ջրի կուտակումների պատճառով, ժամանակավորապես փակ են թունելները, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկը Նեղոս գետի կամուրջներով։

Այս միջոցները նախաձեռնվել են Եգիպտոսի կենտրոնական և հյուսիսային մասերում օդի ջերմաստիճանի կտրուկ անկումից և Միջերկրածովյան հզոր ամպրոպային ճակատի գրոհից հետո։ Ջերմաստիճանը գիշերային ժամերին իջնում է առնվազն 10 աստիճանով, ինչը հատկապես տագնապեցնող է ինչպես Կահիրեի, այնպես էլ եգիպտական նահանգների քաղաքների բնակելի տների մեծ մասում կենտրոնական ջեռուցման բացակայության պայմաններում։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ սառը և անձրևային եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը