Տնտեսական

30.01.2023 09:51


Ջերմուկից զբոսաշրջիկները փախչում են. Փաշինյանի կառավարության աննախադեպ ձեռքբերումը

Ջերմուկից զբոսաշրջիկները փախչում են. Փաշինյանի կառավարության աննախադեպ ձեռքբերումը

29.800 քառակուսի կիլոմետրն իր համար կարմիր գիծ հայտարարած Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 4-րդ տարում՝ 2022-ի սեպտեմբերին, Ադրբեջանը հերթական անգամ խախտեց Փաշինյանի սահմանած 29.800 քառակուսի կիլոմետրը և ներխուժեց Վայոց ձոր՝ հասնելով Ջեմուկ քաղաքի մատույցներ։

Եթե մինչև Փաշինյանի պաշտոնավարումը թշնամու զորքը գտնվում էր Ջերմուկ քաղաքից 400 կիլոմետր հեռավորության վրա, ապա այժմ ընդամենը 4,5 կիլոմետրի վրա է, ինչն անվտանգային լրջագույն խնդիրներին զուգահեռ՝ ստեղծել է նաև տնտեսական ծանր իրավիճակ Հայաստանի տնտեսապես զարգացած քաղաքներից մեկի՝ Ջերմուկի համար։

Հիմա Ջերմուկ առողջարանային քաղաքը ոչ թե ընդունում է զբոսաշրջիկների, այլ հրաժեշտ է տալիս նրանց, որովհետև քաղաքն այլևս զբոսաշրջիկների համար գրավիչ չէ. արդյունքում ծանր վիճակում են հայտնվել քաղաքի հյուրանոցները՝ զրկվելով այցելուներից։

Փաշինյանի Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագիրն ընդունելով՝ խոստանում էր բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակը, մինչև 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել 2,5 միլիոնի, սակայն ավելի քան մեկ տարի անց ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլ բոլորովին հակառակ պատկերը ստեղծելով՝ ունեցածն ենք կորցրել:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների իրացման շրջանառությունը՝ մոտ 670 մլն դրամից դարձել է 294 մլն դրամ։

Վիճակը վատթարացել է այն աստիճան, որ զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով հյուրանոցների և հյուրատների մեծ մասը ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել է նախկինում գործող ծառայությունների արժեքը։

Իշխանության վարած քաղաքականության հետևանքով երբեմնի տնտեսապես ինքնաբավ Ջերմուկ քաղաքի տնտեսվարողները հիմա հայտնվել են Կառավարությունից միանվագ աջակցություն խնդրողի դերում, արդյունքում՝ ստացել են 50 միլիոն դրամ աջակցություն՝ ընդամենը հյուրանոցների կոմունալ ծախսերի պարտքերը մարելու համար։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը