Աշխարհ

06.02.2023 11:23


Դեպի Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Դեպի Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշել է տրանսպորտի բոլոր տեսակների համար ձնահյուսի վտանգի պատճառով փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն Է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոմբիլային ճանապարհի (խմբ.՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահման) Գուդաուրի-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի մեծ վտանգ, ինչի պատճառով այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։ Հունվարի 5-ին գերատեսչությունը հայտնել էր, որ ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի մայրուղու երթևեկությունը փակ է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար։

Ռազմավիրրական ճանապարհն անցնում է գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնում է իրար՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը