Մեկնաբանություն

13.03.2023 19:00


Վիճե՜ք, վիճե՜ք, երկուսդ էլ... «ճի՛շտ» եք (տեսանյութ)

Վիճե՜ք, վիճե՜ք, երկուսդ էլ... «ճի՛շտ» եք (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում առիթ-անառիթ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու ոչ միայն: Բայց ամենևին էլ առաջին անգամը չէ, որ ոչ միայն հանրույթանն են հայտնի դառնում ինչ-ինչ կոռուպցիոն երևույթներ, այլև հենց քննչական մարմիններն են հաղորդագրություններ տարածում, որոնք ուղղակիորեն վկայում են, որ կոռուպցիան ոչ միայն ամենևին չի վերացել, այլև այսպես ասած՝ «հրեշտակային» դիմակներով ներկայացող պայմանական «նորերին» է կլանել:

Համենայն դեպս, այն հաղորդագրությունը, որը տարածեց հակակոռուպցիոն կոմիտեն կորոնավարակի դեմ պայքարի նպատակով հատկացված պետական միջոցները «չերեզներով« հափշտակելու և մի 10-11 քպ-ա-նիկոլականների, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ձերբակալության վերաբերյալ, գալիս է հաստատելու վերը ասվածը:

Եթե խիստ հակիրճ, ապա պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, այն մասին, որ պետական միջոցները՝ ի շարս այլոց, դուրս են գրվել նաև մի կլինիկայի, որն ավելի քան 300 հիվանդների կեղծ տվյալներ է տվել, հանրագումարում այդպես մի 110 միլիոն դրամ է հափշտակվել ու՝ նման բաներ:

Այդ, ընդգծենք՝ Փաշինյանի իշխանության տակ գտնվող քննչական մարմնի բացահայտումները ուղիղ գծով հարված էին ինչպես առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ու նրա «թիմի» ուղղությամբ, այնպես էլ՝ հենց իր՝ Փաշինյանի:

Բայց այստեղ այլ հարցեր ծագեցին շատերի մոտ: Ի՞նչ է սա՝ ներ-քպ-ական «ռազբորկաների» արձագա՞նք, Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանից վտանգ է զգում և այսպես փորձում է չեզոքացնե՞լ, թե՞ Երևանի քաղաքապետի համար ներքին գզվռտոցի հետ է պայմանավորված: Կային նաև «դավադրապաշտական» բնույթի ենթադրություններ, մասնավորապես՝ կարծիքներ էին թափառում սոցցանցերում, թե՝ տեսնես էլ ի՜նչ աղետ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում բերել երկրի գլխին, որ յուրայինների զանգվածային ձերբակալությամբ է արդեն ուշադրություն շեղում (մի առիթով արժե առանձին դիտարկել այս՝ «ուշադրություն շեղելու» մասին կաղապարը):

Վատն այն է, որ որ նշված ու երկու այդքան էլ՝ չնշված բոլոր ենթադրությունները գոյության իրավունք ունեն:

Իսկ մինչ այդ որոշեց իր վրա հավելյալ ուշադրություն սևեռել Արսեն Թորոսյանն՝ ինքը, որ ինչպես հայտնի է, տակավին Նիկոլ Փաշինյանի «կամանդում» է, նրա ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկը: Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում պաշտոնավարման շրջանում միայն կորոնավարակից ավելի քան 10 հազար հայրենակից մահացավ, հիմա իրեն այնպես է ներկայացնում, որ ասես՝ ազգի փրկիչ է եղել, առնվազն: Ու հիմա Արսեն Թորոսյանը, պատկերավոր ասած՝ «բլբուլ է կտրել», մի գրել է գրում՝ է՛լ դատաիրավական համակարգի մասին, է՛լ պետական համակարգի, է՛լ «ոչ մի լավ գործի անպատիժ չմնալու»:

Ըստ Թորոսյանի, մեծ սխալ ու դավադրություն է տեղի ունեցել իր անձի դեմ կամ նման մի բան:

Դե, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, հասկանալի է, առայժմ հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով, ասում է, թե՝ պետական փողեր են «կերել», այս, այն: Ու այդտեղ մտաբերում ես նույն Փաշինյանի հայտարարությունները, թե կովիդի դեմ պայքարը արդյունավետ է եղել Հայաստանում: Չնայած, որ հրապարակված «կերված» թվերին նայում եք, ո՞վ կվիճի՝ արդյունավետ է եղել, նայած, թե ինչն արդյունավետ համարես և ում համար:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի ու մնացած իր թիմակիցների վիճաբանությանը, ապա կարելի է մաղթել, որ վիճեն, գզվռտվեն այնքան, որքան կարող են, մի բան էլ՝ ավելին: Կարճ ասած՝ վիճե՜ք, բոլորդ էլ... «ճի՛շտ» եք:

Սպասենք ասֆալտապատման, դղյակագնման, կառավարական առանձնատների ռեմոնտների, ընտանյոք արտասահմանյան այցերի վերաբերյալ «գործերին» ու բացահայտումներին:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը