Աշխարհ

15.03.2023 18:44


Հնագետները Անգլիայի հյուսիսում հռոմեացիների և սաքսոնների մնացորդներով հազվագյուտ հնագույն գերեզմանոց են հայտնաբերել

Հնագետները Անգլիայի հյուսիսում հռոմեացիների և սաքսոնների մնացորդներով հազվագյուտ հնագույն գերեզմանոց են հայտնաբերել

Հնագետները հուսով են, որ Անգլիայի հյուսիսում վերջերս հայտնաբերված հին հռոմեական արիստոկրատի մնացորդները լույս կսփռեն հռոմեական տիրապետությունից դեպի անգլո-սաքսոնական թագավորություններ տարածաշրջանի անցման վրա, որոնք հաջորդել են մոտ 1600 տարի առաջ, հայտնում է Fox News-ը:

Հայտնաբերված գերեզմանոցը պարունակում է ինչպես ուշ Հռոմեական կայսրության հռոմեացիների մնացորդներ, օրինակ՝ կապարե դագաղ, որում թաղված է արիստոկրատ մի կին, այնպես էլ վաղ սաքսոնական շրջանի մարդկանց մնացորդներ։

«Միևնույն թաղման վայրն օգտագործող երկու համայնքների առկայությունը շատ անսովոր է, և նրանից, թե խաչվել են արդյոք նրանց ուղիները գերեզմանոցն օգտագործելիս, թե ոչ, կախված կլինի, թե որքան կարևոր է գտածոն,-ասել է Արևմտյան Յորքշիրի Միավորված ծառայթյան գլխավոր հնագետ Դևիդ Հանթերը,-Եթե թաղումները միասին են դիտարկվում, դրանք վկայում են Յորքշիրի պատմության դինամիկ ժամանակաշրջանում կյանքի բարդության և անկայունության մասին»:

Գերեզմանոցն առաջին անգամ հայտնաբերվել է անցյալ տարվա գարնանը՝ Լիդսի Գարֆորտ քաղաքի մոտակայքում: Վերջին մեկ տարվա ընթացքում դրա գոյությունը գաղտնի է պահվել, որպեսզի հնագետները կարողանան ապահով պեղումներ և անհրաժեշտ վերլուծություններ կատարել։

Գերեզմանոցը պարունակում է 60 տղամարդկանց, կանանց և երեխաների աճյուններ, ինչպես նաև հռոմեական և անգլո-սաքսոնական թաղման սովորույթների վկայություններ:

Երբ Հռոմեական կայսրությունը նահանջել է Բրիտանիայից մ.թ. 5-րդ դարում, այնտեղ սկսել են գալ գերմանական ցեղեր, այդ թվում՝ անգլներ, սաքսեր, յուտեր և ֆրիզներ, ըստ Բրիտանական պատմական ասոցիացիայի:

Իշխանությունները դեռ չեն հրապարակում գերեզմանոցի ճշգրիտ վայրը, սակայն նշում են, որ այն հայտնաբերվել է այն բանից հետո, երբ մոտակայքում գտնվել են հռոմեական քարե շինություններ և որոշ վաղ անգլո-սաքսոնական կառույցներ:

Այժմ փորձագետների խումբը մնացորդները կթվագրի ըստ ածխածնի, որպեսզի որոշի ճշգրիտ ժամկետները, երբ գերեզմանատունն ակտիվորեն օգտագործվել է: Այլ թեստերը կարող են բացահայտել թաղվածների նախնիներին, նրանց սննդակարգը և այլ կարևոր մանրամասներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը