Լրահոս

27.04.2009 12:59


Ստեփան Սաֆարյան. «Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլային 2:0 պարտությանը հաջորդեց քաղաքական 3:0 պարտությունը»

-Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլային 2:0 պարտությանը հաջորդեց  քաղաքական 3:0 պարտությունը: Կարծում եմ, որ այս կտրվածքով մենք ժամանակը գնահատելու շատ լուրջ խնդիր ունենք, և որքան արագ  դա կատարենք, այնքան ՀՀ-ի շահերից բխող կլինի,- մինչ Ազգային ժողովի քվեարկությաններին անցնելը այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

-Ուզում եմ հիշեցնել, որ այս օրերի ընթացքում, եթե հրավիրվում է ՀՀ  Ազգային անվտանգության խորհրդի նիստ, եթե ապրիլի 22-ին տարածվում են բոլորիս հոգիները խռովող հայտարարություններ, եթե 24-ին «Սաբահ» լրատվամիջոցի կողմից տարածվում են  հաղորդագրություններ «Ճանապարհային քարտեզի» սկզբունքների մասին, ապա կարծում եմ, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է։ Շատ ցանկալի կլիներ, որ Դուք այս  քառօրյաի ընթացքում մեր գործընկերների հետ կիսվեիք այս  բոլոր խնդիրների շուրջ։ Կարծում եմ, որ կարող եք նաև ձևերը գտնել՝ վերոնշյալ հարցերը քառօրյայում ներառելու համար,- հավելել է Ս. Սաֆարյանը:

Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն, ի պատասխան պատգամավոր Սաֆարյանի մտահոգությանը, ասել է.

-Մենք անպայման առիթը բաց չենք թողնելու, որպեսզի մեր ժողովրդի համար այս կարևոր հարցերը քննարկենք:

«Ժառանգության» պատգամավորը հարց է ուղղել նիստը նախագահող Հ. Աբրահամյանին.

-Ե՞րբ: Կարող է այն ժամանակավրեպ լինել:

-Չեմ գտնում, որ ուշանալու խնդիր ունենք: Այս երկու օրը խմբակցությունների ղեկավարների հետ կքննարկենք և կորոշենք, թե ինչպես այն ներառենք օրակարգ: Ոչ մեկը թող իրեն այնպես չդրսևորի, թե ինքն ավելի շատ է մտածում պետության, ժողովրդի մասին, քան  յուրաքանչյուր պատգամավոր կամ քաղաքացի,- հակադարձել է Հ. Աբրահամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը