Քաղաքական

04.10.2011 13:52


Շիրակ Թորոսյանը Լևոն Տեր–Պետրոսյանին՝ սոցիալական խնդիրներն ի վերջո կուտակվում–դառնում են քաղաքական խնդիր

Շիրակ Թորոսյանը Լևոն Տեր–Պետրոսյանին՝ սոցիալական խնդիրներն ի վերջո կուտակվում–դառնում են քաղաքական խնդիր

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, երեկ «Ազատության հրապարակում» տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է ՀԱԿ-ի մոտեցումը Ջավախքի հարցում, ասել է, թե Ջավախքում կան խնդիրներ, սակայն ինքը հավատում է, որ դրանք կլուծվեն:

-Վրաստանը քաղաքակիրթ, ընդ որում` մեզնից ավելի օրինական, կարգ ու կանոն ունեցող պետություն է: Քայլ, որը կարող է ապացուցել Վրաստանի պատրաստակամությունը` լուծելու այս խնդիրը, կարելի է համարել Հայ Առաքելական եկեղեցուն օրինական ստատուսի ընծայումը:  Ջավախահայության դրությունը շատ ավելի ծանր էր 90-ական թվականներին, սակայն այդ ժամանակ էլ ամբողջ Վրաստանի վիճակն էր ծանր, ու ոչ միայն Ջավախքինը: Ներկա խնդիրները ազգային խտրականության արդյունք չեն: Վրաստանում այս հարցում՝ սկսած Գամսախուրդիայից, շատ ճիշտ են գործել ու թույլ չեն տվել, որ սոցիալ–քաղաքական խնդիրները չդառնան ընդհանուր քաղաքական խնդիրներ: «Ղարաբաղ» կոմիտեի գոյության ընթացքում ստեղծել էինք հատուկ հանձնաժողով, որը զբաղվում էր Ջավաքի խնդիրներով: Տեղեկությունների հոսքը իմ իշխանության ժամանակ միշտ եղել է, անգամ մի քանի պատվիրակությունների ես էլ եմ ընդունել: Մի անգամ էլ որոշեցինք գալ վերջնական որոշման, և առաջարկվեց  Բոգդանովկայում ու Ախալքալաքում թույլ տալ տեղի հայ բնակչությանը ընտրելու գործադիր ղեկավարների: Նրանց հետ էլ հայկական կողմը կհամագործակցեր ու կբանակցեր: Միաժամանակ այդ ղեկավարներին փոխելու իրավունքը պատկանել է Հայաստանին և Վրաստանին: Վրաստանի քաղաքականությունը ճիշտ է եղել Ջավախքի հարցում ու շարունակում է մնալ այդպիսին,-ասել էր Լ. Տեր-Պետրոսյանը:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ում մուտքը Վրաստան արգելված է, անդրադառնալով այս թեմային, մեզ հետ զրույցում ասել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն այս հայտարարությամբ իրեն հակասում է:

-Նա նշում է, որ  այսօր  Ջավախքում կան խնդիրներ` լեզվական ճնշումներ և այլն, բայց մյուս կողմից նշում է, որ սկսած  Գամսախուրդիայից, մինչև հիմա Վրաստանի քաղաքականությունն այս հարցում ճիշտ է: Եթե ճիշտ են լեզվական դրսևորումները, ապա ինչո՞ւ է դա խնդիր դիտվում, եթե Վրաստանի քաղաքականությունը Ջավախքում ճիշտ է, ապա ինչո ՞ւ ենք բոլոր ժամանակներում ամբողջ հասարակությունով, սփյուռքով, հետաքրքրված ու մտահոգված Ջավախքի խնդիրներով,-ասել է նա:

Ըստ  Շիրակ Թորոսյանի՝ ինքն էլ է հավատում, որ այդ խնդիրները երբևէ կլուծվեն, այլապես ջավախահայության կյանքն  ուղղակի անտանելի կդառնա, դրական է գնահատում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալը, սակայն դրա հետևանքով մեր եկեղեցիները չեն վերադարձվել, չնայած  որ դա էր ամենակարևոր ու առաջնային խնդիրը:

-Ես չեմ համաձայնի նրա հետ, որ այս քաղաքականությունը դրական է գնահատվել, քանի որ  հայության մեծամասնությունը և հատկապես ջավախահայությունը շատ վատ են գնահատում վրացական քաղաքականությունը։ Ավելին ասեմ՝ այդ մասին սկսել  են բարձրաձայնել նաև միջազգային կառույցները, նույն արևմուտքը, որը  Վրաստանի պաշտպանն է դարձել: Նրանք սկսել են բարձրաձայնել, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, և սա փաստ է,-ասել  է նա:

Հարցին, թե իսկ ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, թե լավ է, որ դիվանագիտությունն այնպես է, որ սոցիալական հարցերը  չեն վերածվում քաղաքականի, և այսպես արտահայտվելով՝ ինչի՞ց է «վախենում» Լևոն Տեր-Պետրոսյանը, Շիրակ Թորոսյանը պատասխանել է, թե սոցիալական խնդիրներն ի վերջո կուտակվումդառնում են քաղաքական խնդիր այն առումով, որ Ջավախքն արդեն ցանկանում է ինքնավարության խնդիրը քննարկել:

-Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, այդ թվում նաև և՛ գործող իշխանության, և՛ նախկին իշխանության, փաստորեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կարծում են, թե մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ պետք է Վրաստանի հանդեպ հանդուրժողական քաղաքականություն վարենք՝ աչք փակելով նրա ոչ կոռեկտ վերաբերմունքին ոչ միայն ջավախահայության, այլ նաև Հայաստանի հանդեպ,-ասել  է նա:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ իր ասածի ամենաթարմ օրինական այն է, որ Վրաստանը մեզ համար շատ կարևոր հարցի ` ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ վերջերս հայտարարություն  արեց, թե չի ճանաչում ԼՂՀ-ում կայացած  ՏԻՄ ընտրությունները:

–Հասկանում եմ, որ նա խնդիր ունի Աբխազիայում և Հարավային Օսիայում, բայց պետք է հաշվի առնի նաև հարևան եղբայրական երկրի հետ հարաբերությունները։ Չէ՞ որ  նրան ոչ  ոք չէր խնդրել  արձագանքել, և նա պարզապես կարող էր լռել։ Եվ դրանով և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կհասկանային նրան: Մենք, ցավոք, ստիպված ենք այսօր այդ կարծիքները հանդուրժել և ականատես լինել, թե ինչպես է Վրաստանը  ոչ կոռեկտ վարվում Վրաստանի հայության և ՀՀ–ի նկատմամբ: Ամբողջ խնդիրն  այն է, որ,  այո, Վրաստանի տարածքով անցնում են մեր տրանզիտները, բայց մենք դրա դիմաց վճարում ենք: Նրանք մեզ նվեր  չեն տալիս՝ մենք տարեկան մի քանի միլիոնի եկամուտ ենք տալիս ու մի քանի անգամ ավելի ենք վճարում, սրանք բիզնես հարաբերություններ  են: Մենք այսօր ընդամենը խոսում ենք իրավունքների պաշտպանության՝ կրթական, լեզվական խնդիրները քննարկել, սակայն կարող է նաև մեր իսկ պատմական հողերի վրա ինքնավարության հարց բարձրանալ, ինչը, չգիտես ինչու, վախեցնում է Հայաստանի քաղաքական գործիչներից ոմաց, այնինչ դրանից Վրաստանը պետք է վախենա,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը