Մեկնաբանություն

31.03.2023 18:15


Փաշինյանը հասկանում է, որ տապալվել է, բայց շարունակում է կործանման տանել՝ «խաղաղություն-խաղաղություն» ասելով

Փաշինյանը հասկանում է, որ տապալվել է, բայց շարունակում է կործանման տանել՝ «խաղաղություն-խաղաղություն» ասելով

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երկար-բարակ ու կրկին՝ լացկանյանական ելույթը գործնականում ևս մեկ բացահայտ ինքնախոստովանական էր առ այն, որ այսպես կոչված «խաղաղության օրակարգը» տապալվել է: Ըստ էության, Փաշինյանը՝ որպես քաղաքական ուժի ղեկավար, որպես պետության ղեկավար հանդես եկող, լիարժեք տապալվել է: Տապալվել է, բայց շարունակում է մնալ իշխանության ղեկին, շարունակում է Հայաստանի ծակծկված նավը տանել դեպի վերջնական կործանում, ինչը, արժե նկատել, նույնիսկ նավի տախտակամածին գտնվողներից բոլորը չէ, որ գիտակցում են: Ինչևէ:

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ իր սիրելի Ադրբեջանը «ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում», «Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով»: Կրկնենք, սա ինքը՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» բանակցող-համաձայնեցնող Նիկոլ Փաշնինյանն է հրապարակավ փաստում:

Ու այդքանից հետո, էլի շարունակում է խոսել իր ․․․ «խաղաղության օրակարգից»:

Նրա ելույթում մի զավեշտական դրվագ կար: Փաշինյանը նշում է, որ վերջին ագրեսիվ գործողությունները, ճանապարհներ փակելը, ճանապարհների վրա հսկողություն սահմանող գերիշխով դիրքեր գրավելը Ադրբեջանը բացատրում է իբր թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով: Նման դիտարկումից հետո Փաշինյանը հայտարարում է. «Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է: Հարկ եմ համարում նորից կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:

Դե իհարկե, այդ էր պակաս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության օրոք Հայաստանը Արցախի հայության անվտանգությունն ապահովելուն ուղղված ինչ-որ բան աներ:

Եվս մեկ էական պահ: Ի դեպ, էլի Նիկոլ Փաշինյանի տապալվելու մասին: Սակայն, որքան էլ տհաճ լինի, պետք է նրա ելույթից մի մեջբերում էլ անել. «Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ: Բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը»:

Փաշինյանը սրտնեղում է, որ ադրբեջանական կողմը երկու օր շուտ է վրա տվել: Բայց այստեղ մեկ ուրիշ հարց կա: Այն, որ «նոր ճանապարհը» պիտի պատրաստ լիներ, բայց պատրաստ չէր: Ո՞վ է սա ասում: Իսկ սա ասում է ղեկավարը այն կառավարության, որ հենց մենակ այսուայնտեղ կասկածելի որակի «ասֆալտ փռելով» է ինքնագովազդվում: Էհ, տիրապետածդ ճանապարհաշինարարական բոլոր ռեսուրսները կենտրոնացնեիր այդտեղ և մեկ-երկու ամսվա ընթացքում ճանապարհը նորմալ վիճակով հանձնեիր շահագործման: Դա էլ հո անհնար մի բա՞ն չէր։ Անհնար չէր: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ թիմը խորապես անտարբեր է Արցախի ու Արցախի հայության ճակատագրի նկատմամբ, մատը մատին չեն տվել, միայն ձևացրել են, թե ինչ-որ բան են անում:

Իսկ ամենից հետաքրքիրը. խնդրահարույց հատվածներից, հենց այն իրավիճակում, երբ Ադրբեջանը զորք է կուտակում, հասկանալի է, թե ինչ նպատակով, Նիկոլ Փաշինյանը հրամայում է... դուրս բերել բանակային ստորաբաժանումները, նրանց փոխարեն տեղակայել անհամեմատ ավելի թեթև զինված սահմանապահ ուժեր: Դա էլ երևի այն բանի համար, որ ադրբեջանական զորքը ավելի քիչ խնդիրներ ունենա: Այսինքն, Փաշինյանը թուլացնում է նաև սյունիքի սահմանային մի կարևոր հատվածի պաշտպանվածությունն ու հայտարարում, թե հույս ունի, որ... ադրբեջանական կողմը սադրանքների չի դիմի:

Այստեղ են ասել՝ ձյուն գա հույսիդ: Մի հատ էլ ուրիշ հույս է հայտնում, թե՝ «առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն՝ ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում»: Ձևաչափերը չգիտենք՝ ինչպես, բայց որ իսկապես տեղաշարժեր կան, փաստ է՝ ադրբեջանական զորքերը անարգել, Նիկոլ Փաշինյանի իշխանության նշված ու չնշված մոտեցումներից էլ ավելի ոգևորված, ազատ տեղաշարժվում է՝ իր հսկողության տակ վերցնելով հայկական ավելի ու ավելի շատ տարածքներ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը