Քաղաքական

06.10.2011 16:04


Համլետ Հարությունյան. «Ցանկացած մարդ էլ կարող է փոխադարձաբար ասել ավելի կոպիտ բառեր»

Համլետ Հարությունյան. «Ցանկացած մարդ էլ կարող է փոխադարձաբար ասել ավելի կոպիտ բառեր»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ հանրահավաքի ժամանակ  ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարել էր, որ դեռ հույս կա, և կարելի է ազատվել այս (նկատի ունի իշխանություններին–«7օր») տականքներից, ավազակներից ու սրիկաներից։

«7օր»–ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը նշել է, որ շատ բացասական է վերաբերվում Լևոն Տեր–Պետրոսյանի այդ հայտարարությանը։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս կարող էր ՀՀԿ–ն և իշխանությունն իրենց տականք ու սրիկա անվանողների հետ երկխոսել, Համլետ Հարությունյանը պատասխանել է՝ անզեն աչքով էլ երևում է, որ ՀՀԿն այդ քայլով ապացուցեց իր քաղաքական հասունությունը։

–ՀՀԿ–ի նախագահի լեքսիկոնում բացակայում են այդպիսի որակումները։ Ցանկացած մարդ էլ հայհոյանքին տիրապետում է և կարող է փոխադարձաբար ասել ավելի կոպիտ բառեր, քան հանրապետության առաջին նախագահն է ասում իշխանություններին կամ առանձին  ՀՀԿ–ին։ Չեմ կարծում, որ Լևոն ՏերՊետրոսյանի մակարդակի քաղաքական գործչի լեքսիկոնը պետք է այդպիսին լինի,–ասել է նա։

Համլետ Հարությունյանն անդրադարձել է նաև Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանը, որտեղ նշվում է, թե արտագաղթը պայմանավորված է հայ–թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի չկարգավորմամբ։

–Ինքը շատ լավ գիտի, որ այդ հարցի կարգավորումը պետք է լինի այնպես, ինչպես որ կա։ Ինքը հիանալի գիտի աշխարհաքաղաքական զարգացումները, ղարաբաղյան հարցի մասին առավել, քան մեզնից որևէ մեկը։ Ինքն ասում է այն, ինչում համոզված չէ։ Որ Տեր Աստված էլ իջներ, այսօր Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը կլիներ այնպես, ինչպես որ կա։ Հայաստանը մեղավոր չէ հայթուրքական սահմանը փակելու, ադրբեջանական ագրեսիայի, շրջափակման մեջ լինելու համար։ Բոլոր այս բացասական բաներն իր օրոք են եղել։ Ես այդ ժամանակվա իշխանություններին էլ չեմ մեղադրում, որովհետև օբյեկտիվ իրավիճակ կար, որը ոչ մի մարդու կամքից կախված չէր։ Հայաստանի բոլոր օպտիմալ քայլերը պարսպի են հանդիպում։ Անհատի կարծիքը կամ նրա վարած քաղաքականությունը չեն փոխի Թուրքիայի կամ Ադրբեջանի վերաբերմունքը Հայաստանի  նկատմամբ։ Այս մասին ՀՀ քաղաքացիներից ամենալավը գիտակցում է հենց Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ուղղակի դա մարտավարություն է՝ ամբոխի համար  նախապատրաստած ելույթի տեքստ, բայց եթե մենք կարողանանք օբյեկտիվորեն կռահել նրա մտքերը, բոլորովին այն չի լինի, ինչ ասում է ժողովրդի առաջ,–ասել է նա։

Հարցին՝ իսկ արդյոք ընդունելի՞ է, որ արտագաղթը պայմանավորվում է ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելով, համլետ Հարությունյանն ասել է. «Արտագաղթը կարելի է կապել բոլոր պայմանների, բայց ոչ Ղարաբաղի հարցի հետ»։

Ես կարծում եմ, որ արտագաղթի հարցը պետք է ժողովրդին ստիպի, որ դուրս չգա, որովհետև Ղարաբաղը դեռ պաշտպանելու կարիք կա,–ավելացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը