Տնտեսական

23.04.2023 08:02


Երկու միլիարդ դոլարի պատմությունը

Երկու միլիարդ դոլարի պատմությունը

Բյուջեի հարկային եկամուտները 2022թ.՝ 2017թ. համեմատ, աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով, 2018թ. համեմատ էլ՝ 1,5 միլիարդով։ Օրերս հարկային եկամուտների վերաբերյալ այսպիսի համեմատություն էր արել Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսի հաջողությունների են հասել իշխանություններն իշխանափոխությունից հետո։

Նախ՝ զավեշտալի է, որ երկրի վարչապետը բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ դատողություններն անում է դոլարով։ Բյուջեի հարկային եկամուտները ձևավորվում են դրամով, դրամով են կատարվում նաև ծախսերը, և տրամաբանական է, որ համեմատություններն էլ կատարվեն դրամով։

Բայց բոլորովին զարմանալի չէ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դիմում նման հնարքի։

Դոլարը էժանացել է, ու դրամով ձևավորված եկամուտները դոլարի վերածելուց ավելի մեծ թվեր են ստացվում։ Դրա համար էլ որոշել է բյուջեի հարկային եկամուտների փոփոխությունը դոլարով ներկայացնել, որքան էլ դրանք դրամային են։ Չնայած անգամ այդ պարագայում, հարկային եկամուտների աճը 2017թ. համեմատ ոչ մի կերպ չի ստացվում 2 մլրդ դոլար։

Վերջին հինգ տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 768 մլրդ դրամով։ 2017թ. եղել են 1 տրիլիոն 158 մլրդ դրամ, 2022թ. դարձել են 1 տրիլիոն 926 միլիարդ։

Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ու հարկային եկամուտների հնգամյա փոփոխությունը ներկայացնենք դոլարով, ապա անցած տարվա միջին փոխարժեքով՝ աճը կլինի ոչ թե 2 միլիարդ, այլ 1 մլրդ 765 միլիոն։

Տարբերությունը 235 մլն դոլար է։ Շա՞տ է, թե՞ քիչ, դատեք ինքներդ։ Փաստն այն է, որ ձեռքի հետ Նիկոլ Փաշինյանը 235 միլիոնով ճոխացրել է հարկային եկամուտների աճը։

Այդպիսի համեմատության մեջ երբեմն էլ հայտարարում է, թե բյուջեի եկամուտները կրկնապատկվել են։ Ու կրկին մանիպուլյացնում է՝ փոխարժեքների վրա։

Բյուջեի հարկային եկամուտներն անցած 5 տարվա ընթացքում, անշուշտ, ավելացել են։ Բնականաբար, պետք է ավելանային։ Միայն վերջին տարիների բարձր գնաճը բավական է, որպեսզի անգամ ոչինչ չանելով՝ հարկերն ավելանային։ Նախորդ հինգ տարվա գնաճի ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա բավական մեծ է, աճի գրեթե կեսը եղել է դրա հաշվին։

Դրանում դժվար չէ համոզվել նաև հարկային եկամուտների դինամիկան նայելիս։

Անցած հինգ տարում հարկային եկամուտները փոփոխական, երբեմն շատ կտրուկ դինամիկա են դրսևորել։ 2020թ. նույնիսկ նվազել են։ Այդ տարի հարկային եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 385 մլրդ դրամ, ինչը 79 միլիարդով պակաս էր նախորդ տարվանից. նվազեցին գրեթե 5,4 տոկոսով։

2020թ. հարկային եկամուտների աճը 2017թ. համեմատ 20 տոկոսի չէր հասնում։ Երեք տարվա ընթացքում հարկերն ավելացել էին 19,6 տոկոսով։

Բայց եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը 1-2 տարում խոստացել էր բյուջեի եկամուտներն ավելացնել 30-40 տոկոսով։

Երեք տարում ավելացրել էր ընդամենը 19,6 տոկոսով։ Այն ժամանակ խուսափում էր խոսել այդ մասին։ Վերջերս կրկին սկսել է հիշել, իբր խոստումը կատարել է։

Բյուջեի հարկային եկամուտներն ավելի բարձր աճ գրանցեցին նախորդ երկու տարիներին և հատկապես՝ անցած տարի։ Բայց դրանցում էական էր գնաճի ազդեցությունը։

Հիշեցնենք, որ 2021թ. տարեկան գնաճը Հայաստանում կազմեց՝ 7,2, իսկ 2022թ.՝ 8,6 տոկոս։

Եթե հանում ենք այս ազդեցությունը՝ հարկային եկամուտների իրական աճը շատ ավելի փոքր է լինում։ Բայց քանի որ պաշտոնական ցուցանիշներում ներառված է նաև գնաճի ազդեցությունը, այդպես էլ կդիտարկեն փոփոխությունները։

Պաշտոնական տվյալներով, 2021թ. բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 587 մլրդ դրամ՝ 202 միլիարդով ավելի շատ, քան նախորդ տարի։

Անցած տարի էլ ստացվեց շուրջ 1 տրիլիոն 926 մլրդ դրամ՝ 339 միլիարդով ավելի շատ, քան 2021թ.։

Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին, և հատկապես՝ անցած տարի, անվանական արտահայտությամբ բյուջեի հարկային եկամուտները զգալիորեն ավելացել են։

Բայց եկամուտների հավաքագրման արդյունավետությունը գրեթե չի բարելավվել։

Դա նկատելի է ոչ միայն նախորդ տարվա հարկային մուտքերի բարձր կատարողականի պարագայում, այլև վերջին 3 տարվա կտրվածքով։

Անցած տարի, ինչպես վկայում են հարկային եկամուտների անվանական ցուցանիշները, բավական բարձր մուտքեր են գրանցվել։ Բայց ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը դրանից բոլորովին էլ չի բարելավել։ Մի բան էլ, կարելի է ասել, վատացել է։

2021թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել էր 22,72 տոկոս։ Անցած տարի կազմեց 22,66 տոկոս։

ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը վերջին 3 տարիներին ավելացել է ընդամենը 0,4 տոկոսային կետով։ 2019թ. այն կազմել էր 22,3 տոկոս, 2020թ.՝ 22,4 տոկոս, 2021թ.՝ 22,7 տոկոս, և անցած տարի՝ 22,66 տոկոս։

Այլ կերպ՝ 2019-2022թթ., ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը բարելավվել է ընդամենը 0,4 տոկոսով։

Անկախ նրանից, որ հարկային եկամուտներն անվանական արտահայտությամբ ավելացել են, սա շատ վատ արդյունք է։ Առավել ևս, որ դա եղել է օրենսդրության մեջ կատարված այնպիսի փոփոխությունների պայմաններում, որոնք մեծացրել են հարկային բեռը տնտեսության վրա։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է մետաղների վրա արտահանման տուրքի կիրառմանը, ինչի արդյունքում մի քանի տասնյակ միլիարդ դրամի լրացուցիչ հարկեր գեներացվեցին բյուջե՝ բավական մեծ ազդեցություն թողնելով եկամուտների այն աճերի վրա, որոնք արձանագրվեցին նախորդ երկու տարում։

Հարկային եկամուտների արդյունավետության մասին դատում են ոչ թե անվանական ցուցանիշներով, այլ ՀՆԱ-ի մեջ դրանց հավաքագրման մակարդակով։

Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը վերջին երեք տարիներին գրեթե չի բարելավվել, թեկուզ և անվանական արտահայտությամբ մուտքերն ավելացել են։

Անվանական արտահայտությամբ մուտքերի ավելացումն է, որն այդքան ոգևորել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ այն, որ հավաքագրման արդյունավետությունը կաղում է, այդ մասին, բնականաբար, խոսք չկա, չի էլ լինելու։ Իշխանություններին գերազանցապես դեկորացիան է հետաքրքրում, իսկ թե իրականում ինչ կա տակը, կարևոր չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը