Լրահոս

08.10.2011 13:11


Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպի մասին «7օր»–ի հրապարակմանը

Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է Հայաստան-Մակեդոնիա  հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպի մասին «7օր»–ի հրապարակմանը

«7օր»–ը երեկ տեղեկացրել է, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից առաջ։ Ի պատասխան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հերթական ստախոսներին ենք հանդիպում, քանի որ հնարավոր չէ՝ Հանրապետականի տոմսարկղում կեղծ տոմսեր վաճառվեն։ Սեպտեմբերի 24–ին բոլոր տոմսերը վաճառված են եղել, իսկ այդ տոմսերը բոլորը եղել են գաղտնանշաններով։ Հիմար չլինելու դեպքում միանգամից կարելի է հասկանալ, որ դա կեղծ է։ Այդ տոմսերը xerox-ով տպած տոմսեր են եղել, ես ամեն ինչից տեղյակ եմ, ուղղակի այդ ֆուտբոլասերները հերթական շանտաժիստներն են, որոնք ցանկանում են ստվեր գցել ֆեդերացիայի վրա»։

«7օր»–ն այս հրապարակմանը կից ներկայացնում է այն երկու տոմսերը, որոնք ոստիկանները համարել են կեղծ, և որոնց համար այդ ֆուտբոլասեր ընկերներից երկուսին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, իսկ մոտ մեկ ժամ հետո, առանց որևէ պատճառաբանության, ազատ արձակել։ Ինչպես երևում է ներկայացված նկարներից, բոլորովին էլ չպատճենահանած այդ տոմսերի վրա առկա են անհրաժեշտ բոլոր մակնշումները, տեղը, կարգը, հսկիչ կտրոնն անջատված չէ, և նույնիսկ առկա է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի կնիքը։ Տոմսի վրա կարծես առկա չեն միայն շոշափվող հատուկ գծերը։ Բայց դրանց բացակայության վերաբերյալ հարցին էլ թերևս պետք է պատասխանեն «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, քանի որ մնացած բոլոր տոմսերի հետ դրանք նույնպես միաժամանակ ձեռք էին բերվել այդ տոմսարկղից։

Հիշեցնենք, որ, ըստ «7օր»–ի ստացած ահազանգի, սեպտեմբերի առաջին կեսին ֆուտբոլասեր ընկերները միանգամից 15 տոմս են գնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից։ Սակայն երբ երեկ այցելել են մարզադաշտ՝ երկրպագելու Հայաստանի հավաքականին, ոստիկանները հայտարարել են, որ նրանց գնած այդ տոմսերից երկուսը կեղծ են։ Ֆուտբոլասերների զարմանքին ի պատասխան՝ ինչպես է հնարավոր՝ տոմսարկղից գնած տոմսերը կեղծ լինեն, այն էլ այն դեպքում, երբ իրենք միանգամից 15 տոմս են գնել, ոստիկանները նրանցից 2–ին պահել են, իսկ մյուսներին թույլ տվել մտնել մարզադաշտ։ Քիչ անց, երբ մարզադաշտից նրանք կապ են հաստատել իրենց 2 ընկերների հետ, վերջիններն ասել են, որ իրենց տանում են ոստիկանություն, իսկ ավելի ուշ նրանց բջջային հեռախոսներն անհասանելի են դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը