Մեկնաբանություն

18.05.2023 00:27


Փաշինյանի կողմից ճահիճն ընկղմված «նշաձողը»

Փաշինյանի կողմից ճահիճն ընկղմված «նշաձողը»

Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե «միջազգային հանրությունն» իրեն ու իր իշխանախմբին ստիպում է Արցախի հետ կապված իջեցնել ակնկալիքների նշաձողը: Այն ժամանակ բազմաթիվ մեկնաբաններ արձագանքեցին այդ հայտարարությանն ու արագորեն էլ բացահայտեցին, որ ոչ մի «միջազգային հանրություն» ոչ մի նման պահանջ չի դնում: Ավելին, բավականին արագ բացահայտվեց նաև, որ «միջազգային հանրություն» ասելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ոները նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը: Իսկ իրական «միջազգային հանրությունը», անգամ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, դեռ խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Դա Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը ոչնչացնելու, Արցախը թշնամուն հանձնելու հանձնառությամբ իշխանության բերված նրա խմբին ոչ մի կերպ ձեռնտու չէր: Հետևաբար, հորինվել էր «նշաձողն իջեցնելու» մասին հեքիաթը:

Անցավ ժամանակ: Նիկոլ Փաշինյանը Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին իր «միջազգային հանրության», այն է՝ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջնականորեն հանձնառություն վերցրեց, որ կկատարի նրանց բոլոր պահանջները, ինչով էլ գործնականում զբաղված է:

Վաշինգտոնի «բանակցային մարաթոնը» և Բրյուսելի վերջին հանդիպումը ադրբեջանաթուրքական պահանջների կատարման ընթացքի հերթական փուլերն են ընդամենը: Այստեղ Փաշինյանի համար կարևորն այն է, որ որևէ մեկը իրեն ինչ-ինչ ապահովության երաշխիքներ տա, որպեսզի ինքը չկանգնի «գնդակահարության պատի տակ», ինչից նա սարսափահար է լինում՝ դատելով նրանից, թե որքան հաճախ է դրա մասին խոսում: Այսպես ասած՝ մատնում է իր իրական վախերը կամ սարսափները: Ու շարունակում է անել բաներ, որոնց համար «գնդակահարության պատի տակ» կանգնելը կարող է ամենից մեղմ պատասխանատվության տարբերակը թվալ:

Բրյուսելի վերջին հանդիպումը բացահայտորեն ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ասած «նշաձողը» ոչ թե պարզապես իջեցրել է, այլ վերցրել ու ճահիճն է ընկղմել: Վե՛րջ, չկա այլևս ոչ մի նշաձող: Ու այնքան չկա, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ալիևի հետ քիրվայաբար, Հայաստանն Արցախին կապող ավտոճանապարհի վրա ադրբեջանական անցակետ են դրել...

Բրյուսելում հակահայկական համաձայնություններից թերևս ոգևորված, Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ Ռեյկյավիկում, ԵԽ գագաթաժողովի ժամանակ այսօր հայտարարել է (ոնց որ ինքնախոստովանական ցուցմունք լինի), թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկել է համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

«Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում ու շարունակել է ինչ-որ բան կմկմալ «Լաչինի միջանցքի» փակ լինելու, Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» կարևորության մասին: Այդ կմկոցը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր դավաճանական քայլերը քողարկելու հնարք:

Նիկոլ Փաշինյանի «քաղաքականության» հետևանքներն ակնհայտ են: Արցախը կամ այն ինչ Արցախից մնացել է, շրջափակման մեջ է, շրջապատված է Արցախի հայությանը հոշոտելու շարունակական սպառնալիքներ հնչեցնող Ալիևի զորքերով: Արցախն ուրացված է Հայաստանի իշխանության կողմից ու թողնված ինքն իր հույսին: Հայաստանը կրծոտված է և կրծոտվում է Փաշինյանի գործընկեր Ալիևի կողմից:

Հիմա այս վիճակից կա՛մ ազգային նոր պայթյուն ու հաղթանակ է լինելու, կա՛մ ազգային նոր ողբերգության արձանագրում՝ Արցախի հայության կոտորածի կամ զանգվածային տեղահանության, հայրենազրկման տեսքով:

Ժամանակը, անկախ նշաձողերից, անողոք արագացել է: Արագացել է այն բոլորի համար և առաջին հերթին բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում հաղթողների սերնդից վերջնականորեն վերածվել հայության ցեղասպանության հանցակցի խարան կրողների:

Այլևս ակնհայտից էլ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն սպասարկում է թշնամիների շահերը: Անհասկանալի է, թե է՛լ ի՞նչ պիտի լինի, էլ ի՞նչ պիտի բացահայտվի, որպեսզի մարդիկ օգտվեն ապստամբության իրենց բնական իրավունքից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը