Քաղաքական

24.05.2023 11:33


ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ-ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ-ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ։

«Դիտարկում ենք մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (ստեղծման) հնարավորությունը, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից»,-ասել է նա։

Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ. –ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին` մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։

Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար՝ 2026-2036 թթ.:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը