Քաղաքական

02.06.2023 10:18


ԱՄՆ-ն հայ ժողովրդին օգնելու ոչ մի շահ չունի, ԱՄՆ-ի շահերն Ադրբեջանում են. «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

ԱՄՆ-ն հայ ժողովրդին օգնելու ոչ մի շահ չունի, ԱՄՆ-ի շահերն Ադրբեջանում են. «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

ԱՄՆ–ն հայ ժողովրդին փրկելու, օգնելու ոչ մի շահ չունի, ամերիկյան կողմի տեսանկյունից Արցախն ինքնորոշման իրավունք չունի, արցախահայերին ոչ մի երաշխիք չեն տրամադրում, հետևաբար ԱՄՆ–ի շահերն Ադրբեջանում են, նրա դաշնակիցներն են Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը` մեկնաբանելով ԱՄՆ–ի Պետդեպի դիրքորոշումն Ալիևի վերջին հայտարարությունների առթիվ։

Հայտնել ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Ադրբեջանի նախագահը մայիսի 28-ին Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, իսկ պաշտոնյաներին՝ լքել իրենց պաշտոնները։ Նա շեշտել էր, որ միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ:

Ալիևի սպառնալիքները, սակայն, չեն խանգարել Պետդեպարտամենտի պաշտոնյային ասել, որ նա ուրախ է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակությունը:

«Հարցը պետք է ուղղել այն հեքիաթասացներին, ովքեր պնդում են, թե ութ րոպե անց այստեղ ամերիկյան բանակն է լինելու, որ ԱՄՆ–ն մի զանգով կանգնեցնելու է պատերազմը, որ Ֆրանսիայի նավատորմը լինելու է Սևանում։ Երբ ասում էինք, որ Արևմուտքը մեզ վաճառելու է գազի ու նավթի դիմաց, ընդդիմախոսները մեզ սպառնում էին։ Արդյունքում այդպես էլ եղավ. քաղաքակիրթ Արևմուտքը, որը շատ բարձր խոսում է մարդու իրավունքների մասին, ըստ էության խաբում է։ Ստել են նաև նրանք, ովքեր արևմտյան կառույցներից այս տարիներին ստացել են մեծ գումարներ»,–ասաց Խաչիկյանը։

Նա հիշեցրեց` բազմաթիվ անգամ իրենք զգուշացրել են, որ Ռուսաստանից հեռանալով` ընկնելու ենք շրջափակման մեջ, և ցավոք այդպես էլ եղավ, և այսօր էլ ԱՄՆ–ն ու Եվրոպան հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց վստահելի գործընկերն է։ Միջազգայնագետի կարծիքով` մենք արժանի ենք, որ մեզ վերաբերվում են որպես երրորդ, չորրորդ կարգի պետության քաղաքացիների։

«Երբ մի ամբողջ հասարակություն և պետություն իրենց պահում են խելքից թույլ երեխայի պես, և ամբողջ աշխարհը ծաղրում է իրենց, թող չզարմանան։ Մեզ պարազապես խաբեցին ու բերեցին լիակատար ձախողման, մեր դիվանագիտությունը պարտվեց և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում, մենք հիմա ոչ մեկին պետք չենք»,–ասաց միջազգայնագետը։

Խաչիկյանի կարծիքով` եթե իրադարձություններն այսպես զարգանան, մի քանի տարի անց մենք ենք Ալիևից համաներում խնդրելու, երբ նա մտնի Հայաստան, և ԱՄՆ–ն ողջունի Ադրբեջանի նախագահի մարդասիրական ու ժողովրդավարական բնույթի հայտարարությունները։ Ըստ նրա` մեզ դրա համար էլ կշնորհավորեն, քանի որ ԱՄՆ–ն հասավ իր նպատակին` Հայաստանում իշխանության բերելով մի խմբի, որը տապալեց մեր արտաքին քաղաքականությունը, Հայաստանը դարձրեց գաղութ և Արցախը հանձնեց Ադրբեջանին։

Այս խորագրի վերջին նյութերը