Մեկնաբանություն

20.06.2023 16:20


Որտեղի՞ց Նիկոլի իշխանության պայմաններում 5 միլիարդ դոլարի ներդրում․ ո՞վ և ի՞նչ փողերով է Երևանում միկրոքաղաք կառուցում

Որտեղի՞ց Նիկոլի իշխանության պայմաններում 5 միլիարդ դոլարի ներդրում․ ո՞վ և ի՞նչ փողերով է Երևանում միկրոքաղաք կառուցում

Ուշադրություն գրավեց «Economy of Armenia» («Հայաստանի էկոնոմիկան«) տելեգրամյան ալիքի տարածած տաղեկությունը, որ Երևանում իրագործվում է քաղաքաշինական ամենախոշոր նախագիծը՝ անկախության վերականգնումից ի վեր, որի համար 5 միլիարդ դոլարի ներդրում է արվել:

Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում շուրջ 140 հա մակերեսի վրա «Դեֆանս հաուզինգ» անվանումով թաղամասի մասին է, որի շինարարությունն արդեն իսկ մեկնարկել է: Ըստ ներկայացվող գովազդային նյութերի՝ 8 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 116 բնակելի շենք՝ 45 հազար բնակչի հաշվարկով, երեք դպրոց, մի քանի մանկապարտեզ, բիզնես-կենտրոն, մարզասրահ, բուժկենտրոն, հիմնել պուրակներ ու անտառաշերտ և այլն, և այլն և այդպես շարունակ: Մի խոսքով, Երևանի թաղամասերից մեկում նախատեսվում է մի ամբողջ միկրոքաղաք կառուցել:

Հատկանշական է, որ այս միկրոքաղաքի կառուցման մասին առաջիններից մեկը հենց «Հայկական ժամանակ»-ն է գրել: Բայց ինչպե՞ս է գրել: Երևանի ավագանու 2022թ. հոկտեմբերի 18-ի նիստին ընդառաջ, որտեղ դեռ պիտի այդ նախագիծը հաստատվեր, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն ընդարձակ հոդված է հրապարակում, հիմնականում դրական, եթե կուզեք՝ «նյու-վասյուկիական» շեշտադրումներով: Բայց դա ի՞նչ էր, ազդանշան Երևանի ավագանուն, թե որքան արա՞գ հաստատեն ներկայացված նախագիծը, թե՞ որ հաստատելու ժամանակ ավելորդ հարցեր չտան:

Ավելին, միանգամից ուշադրություն է գրավում ներդրման ծավալը՝ 5 միլիարդ դոլար: Որտեղի՞ց նման միջոցներ: Այդ ո՞վ է այդ էքստրա-«Կորեյկոն», այդ թաքնված միլիարդատերը, որի մասին մինչև հիմա ոչ մեկը ոչինչ չգիտեր և մեկ էլ՝ հո՛պ, 5 միլիարդ դոլարի ներդրում՝ 45-50 հազար բնակչությամբ մի ամբողջ թաղամաս կառուցելու բիզնեսում:

Թվում է, հայ մուլտիմիլիոնատերերն ու միլիարդատերերը հայտնի են բոլորին: Բայց ոչ մի նման անուն այս նախագծի հետ չի շոշափվում: Ուստի հարցը մնում է բաց. ո՞վ է կամ ովքե՞ր են ներդրողները ու որտեղի՞ց նրանց 5 միլիարդ դոլար:

Առավել ևս, արժեր, ինչպես ասվում է՝ առճակատ տեսնել այդ ներդրողներին հասկանալու համար, թե ովքե՞ր են բիզնես-ռիսկի այդ չեմպիոնները, որ ահռելի կարողություն են ներդնում բացարձակապես անկայուն քաղաքական, տնտեսական և անգամ՝ գոյաբանական խախուտ վիճակում գտնվող երկրում:

Մյուս հարցադրումը ավելի շուտ մտազուգահեռական (ասոցիատիվ) է, քանզի վերջին անգամ միլիարդ բառը լրահոսում շրջանառվեց Հայաստան կոկայինի ահռելի խմբաքանակ ներկրելու և ներկրման՝ երրորդ երկրում կանխված փորձի աղմկահարույց պատմության հետ կապված: Հիշեցնենք, այս տարվա մայիսին Հայաստան ներկրվել էր մոտ 1 տոննա կոկային, ապա իտալական նավահանգիստներից մեկում հայտնաբերվել էր Հայաստան ուղարկվող 2,7 տոննա կոկայինի խմբաքանակ, որոնց համախառն սևշուկայական արժեքը գնահատվեց 1 միլիարդ եվրո:

Հիմա էլ՝ 5 միլիարդ դոլար: Բայց պարզ է, չէ՞, որ նման ահռելի գումարների հետ կապված «շարժերը» չեն կարող լինել առանց իշխանությունների՝ առնվազն իմացության, եթե չասենք՝ մասնակցության կամ անմիջական ներգրավման պայմաններում:

Ինքնին հետաքրքիր է «5 միլիարդ դոլար» արտահայտությունը ևս: Հիշեցնենք, որ այդ արտահայտությունն էր շրջանառվում, կապված այն խոսակցությունների հետ, թե Ալիևը Արցախը հանձնելու դիմաց 5 միլիարդ դոլար է առաջարկում: Արցախը գործնականում հանձնել են Ալիևին: Ո՞ւ...

Այդ որտեղի՞ց այդ «5 միլիարդ դոլարը»: Ո՞վ է կանգնած այս գրանդիոզ կառուցապատման ծրագրի ետևում, ո՞վ է դրա իրական ներդրող-մուլտիմիլիարդատերը, գուցե Նիկոլ Փաշինյա՞նը կամ նրա հետ ուղղակիորեն փոխկապակցված ա՞նձ: Եվ որտե՞ղ են նրանք գտել այդ միջոցները. Մոնտե-Քրիստոյի՞, թե՞ 40 ավազանկների քարանձավում: Այդ ո՞ր արաբական ջինին են շշնջացել. «Սիմ-սիմ, բացվի՛ր»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը