Քաղաքական

23.06.2023 01:38


ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Ադրբեջանի պատվիրակության մոտ 60 փոփոխությունները մերժվել են։

ԵԽԽՎ բանաձևում նշված է․

Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ընդհատումով և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանխամտածված դադարեցմամբ։

Վեհաժողովը ցնցված է այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում ներկա իրավիճակից բխող լրջագույն հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված հետևանքները:

Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը շեշտում է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա: Այս համատեքստում Վեհաժողովը կոչ է անում հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով, ինչպես նաև ապահովել միջազգային չեզոք ներգրավում՝ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառման համար։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց ավելորդ երկարաձգման կատարել 2022 թ․ դեկտեմբերի 21-ին կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրատապ կերպով կատարել նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին իրապես կառուցողական և խաղաղ մոտեցում ցուցաբերել հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար:

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը և հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թե՝ ադրբեջանական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին:

Վեհաժողովը խիստ մտահոգված է Ադրբեջանի ղեկավարության՝ ամենաբարձր մակարդակով հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությամբ և հորդորում է Ադրբեջանին հրաժարվել նման հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի, այդ թվում՝ հանրության և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող, այնպես էլ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը