Մեկնաբանություն

26.06.2023 18:20


...Մինչ շարունակվում է Արցախի շրջափակումը

...Մինչ շարունակվում է Արցախի շրջափակումը

Ակնհայտ է, որ Արցախի շրջափակման իրողությունը ոմանք ընկալում են որպես առօրեական, սովորական մի բան: Ցավալի է դա արձանագրել, բայց փաստը, որ Արցախում մեր ազգակիցները կենսապահովման ամենատարրական ապրանքների, պարենի, բուժօգնության, դեղերի կարիք ունեն, առանձնապես ոչ մեկին չնչին չափով իսկ չի հետաքրքրում: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «դա ադրբեջանական տարածք է», և վերջ, մի մասն անխոս ընդունեց, որ Արցախն ադրբեջանական է, «ղարաբաղցիներն» էլ մեր հետ կապ չունեն: Ու այդ խորապատկերում առավել ևս վրդովեցնում են այսպես կոչված իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք իբր ինչ-որ բաներ են անում, Արցախի էթնիկ զտում թույլ չեն տա, բանաձև են ԵԽԽՎ-ում «անցկացրել» ու նման բաներ:

Հա, նիկոլականները խիստ ծանր են տարել, որ ընդդիմադիրները ՔՊ խմբակցությունից Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չեն գնացել, այսօրվա նիստին էլ ուշացումով են գնացել ու, բնականաբար, չեն հարգել մեռած նիկոլականի հիշատակը: Հազիվ ես զսպում գայթակղությունը, որ մյուս քպ-ականներին «չմխիթարես», թե՝ դուք հանգիստ գնացեք Վիգեն Խաչատրյանի ետևից, ձերինին կգան...

Մի խոսքով, հատկապես ՔՊ-ում ուրախ-զվարթ են, կերած-խմած, չաղ ու բախտավոր: Ու խորապես թքած ունեն, որ Արցախը շրջափակված է, առավել ևս, որ դա, առաջին հերթին, իրենց ու իրենց «աստվածային» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործունեության և գոյության հետևանքն է:

Ու մինչ թշնամին շարունակում է Արցախի շրջափակումը, լրահոսում հայտնվում են այդ մռայլ իրողությունն ընդգծող այլ տեղեկություններ:

Օրինակ, նախօրեին ադրբեջանական զինուժը, հիմնականում հրաձգային զինատեսակներից Արցախի մի շարք վայրերում խախտել է այսես ասած՝ հրադադարը, կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորավարի ուղղությամբ:

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ սպառնալիքների հերթական չափաբաժինն է արտաբերել, որի ընթացքում Արցախի ՊԲ կազմավորումներն անվանել է անօրինական զինված խմբավորումներ՝ նշելով, որ ադրբեջանական բանակի 1 կորպուսը, ոչ լրիվ կազմով, բավարար է Արցախի ՊԲ-ն զինաթափելու համար, ասել է, թե՝ գիտեն, թե ինչ զենք ու սպառազինություն ունի ՊԲ-ն, որ խոսքն ընդամենը մի քանի տասնյակ կիսախափանված տանկերի ու մի քանի տասնյակ կիսախափանված թնդանոթների մասին է ու նման բաներ:

«Նման բաներ»-ի շարքում հիմնականն այն ալիևյան «մուղամն» է, որ հայերից ով չի ուզում ապրել Ադրբեջանում, «ճանապարհը բաց է, թող գնա...»: Հասկանալի՞ է, չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են Հասանովի ու «հասանովների» լեզուն երկարացրել: Տեսնես այդ Հասանովը ինչի՞ց էր, որ նախկինում նման բաներ չէր հանդգնում ասել, Արցախի ՊԲ-ի մասին էլ ակնհայտ ծաղրական երանգներով չէր համարձակվում խոսել: Այդ ո՞նց եղավ, էլի, որ Ալիևն ու իր ենթակաները հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանավարման շրջանում այդպես «ժրեցին»:

Իսկ վաղն էլ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպելու է իր սիրելի ադրբեջանցի գործընկերոջը: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն ադրբեջանական գործընկերոջ հետ քննարկելու է, թե ինչպես անեն, որ կյանքի կոչեն Փաշինյանի՝ «Արցախն ադրբեջանական է, և վերջ»-ը:

Ի՞նչ անել: Կասեցնել թշնամու շահերն սպասարկող «իշխանության» գործունեությունը: Ուրիշ բան չկա անելու: Իսկ մինչ այդ շարունակվում է Արցախի շրջափակումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը