Մեկնաբանություն

29.06.2023 17:00


Բանակցություններ՝ Հայաստանի ու Արցախի գլխին դրած ատրճանակի փողի տակ

Բանակցություններ՝ Հայաստանի ու Արցախի գլխին դրած ատրճանակի փողի տակ

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին բանակցում-մանակցում է ադրբեջանական իր սիրելի կոլեգա Բայրամովի հետ: Ըստ որում, դա անում է անթաքույց ուրախությամբ, չնայած այն հանգամանքին, որ նույն այս օրերին ադրբեջանական կողմը շարունակում է ագրեսիվ գործողությունները, որոնց հետևանքով Արցախում զոհվել են ՊԲ զինծառայողներ:

Որոշ «գործիչների» համար հատուկ ընդգծենք, որ դրանք վերացական զոհեր չեն, կոնկրետ մարդիկ են՝ իրենց ընտանիքներով, երեխաներով… Զոհվել են ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:

Իսկ Միրզոյանը, Բայրամովը, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու մյուսների հետ, այս մարդկանց արյամբ թաթախված, նրանց երեխաներին որբացրած, ինչ-որ վերամբարձ բաներ են քննարկում, ուրախ-զվարթ «զրից անում», շնչում-արտաշնչում:

Ադրբեջանական կողմի ագրեսիվ ու սադրիչ գործողություններից հետո Արցախից ՀՀ իշխանություններին կոչ արեցին անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցային հանդիպումը, քանի դեռ Արցախի բնակչության անվտանգության որոշակի երաշխիքներ չեն տրվել, ադրբեջանական կողմը ագրեսիվ գործողությունները չի դադարերցրել և արդեն արածի համար պատժամիջոցների չի ենթարկվել:

Հայաստանի իշխանություն կոչվածը ոչ միայն չի դադարեցրել իրենց սիրելի ադրբեջանցիների հետ «բանակցային հանդիպումը», այլև շարունակում է:

ԱՄՆ պետքարտուղարությունը, որի «քավորությամբ» ընթանում է այդ հանդիպումը, անթաքույց ուրախությամբ է արձագանքել Հայաստանը ներկայացնողների ոտնաշորային կեցվածքին:

Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում նոր բախումները «չեն ազդել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա»:

Իսկ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Միլլերն էլ «թվիթերում» գրել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում մարդկային կորուստներով: Վերջին իրադարձությունները ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերին օգնելու այդ նպատակին»:

Այս հայտարարության մեջ կեղծ է գրեթե ամեն ինչ: Նախ, սո՛ւտ է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգված է «մարդկային կորուստներով»:

Իրականում նրանք խորապես թքա՛ծ ունեն, թե թուրքերը քանի հայի կսպանեն, տո թեկուզ բոլոր հայերին կոտորեն, Միացյալ Նահանգներին՝ ի՞նչ: Իրենք միայն ուրախ են դրա համար, միայն թե՝ ռուսներին այս տարածաշրջանից դուրս քշեն և Իրանի վրա հարձակվելու պլացդարմ ստանան: Ինչպես ասում է՝ «ոչինչ անձնական, միայն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական բիզնեսի հարց է»:

Կեղծ ու սուտ են նաև «արժանապատիվ ու տևական խաղաղության» մասին արտահայտությունները: Ի՞նչ արժանապատվության մասին է խոսքը, եթե ատրճանակը դեմ են տվել Հայաստանի քունքին (ոչ Փաշինյանի, ցավոք: Ավելի շուտ այդ «ատրճանակը» հենց Փաշինյանն է) և ստորացնելով, նվաստացնելով՝ խլում են կտոր առ կտոր, ոչնչացնում են կյանք առ կյանք, դեռ մի բան էլ ցինիկաբար խոսում են «տևական ու արժանապատիվ»-ից: Պարզ է, որ նման պայմաններում «տևական խաղաղության» մասին խոսակցությունն էլ է զառանցանք, քանի որ մեր զսպանակը մի օր, միևնույն է, պայթելու է:

Թե բա՝ իրենք «օգնում են կողմերին«: Ի՞նչ կողմեր, Ալիևին ու նրա երևանյան հանձնակատարներ Փաշինյան-քպ-ական իշխանությունների՞ն:

Ըստ այնմ, ԱՄՆ-ում միայն ուրախ են, որ չնայած Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին՝ Հայաստանի անունից հանդես եկողներն այն աստիճան կամազուրկ և անողնաշար «քաղաքականություն» են վարում, որ շարունակում են նստած մնալ բանակցային սեղանի մոտ, մանավանդ՝ բերանները մինչև ականջները բացած:

Երկրորդ. ԱՄՆ-ին հետաքրքում են բացառապես իրենց աշխարհաքաղաքական շահերը, ինչպես նշեցինք՝ մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումը և, որ իրենց համար համազոր կարևոր է՝ Իրանի վրա հարձակվելու լրացուցիչ պլացդարմ ստանալը: Այդ կոնտեքստում ԱՄՆ կառավարությունը թքա՛ծ ունի, թե ադրբեջանական ու թուրքական տանդեմը Հայաստանում, Արցախում հայության նկատմամբ ինչ այլանդակություններ թույլ կտա:

Ամենից կարևորը. ոմանք կարծում են, թե Վաշինգտոնում, առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր Ալիևի ու իրենց ներկայացուցիչների հանդիպումներում Արցախին վերաբերող հարցեր են քննարկվում, կարծում են՝ «Նիկոլն Արցախն է հանձնում»: Դա էլ այդպես չէ: Նիկոլ Փաշինյանն Արցախը արդեն իսկ հանձնել է, առնվազն պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել է Արցախից: Այժմ սեղանին դրված է Հայաստանի՛ հարցը: Եթե ավելի կոնկրետ, ապա՝ Հայաստանի ոչնչացման ու հայ ժողովրդի բնաջնջման հարցը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը