Քաղաքական

06.07.2023 13:25


ՀՀ խորհրդարանականների հայտարարությունները խոչընդոտ են, անհրաժեշտ է առաջնորդվել առնվազն չվնասելու տրամաբանությամբ․ Արցախի ՄԻՊ

ՀՀ խորհրդարանականների հայտարարությունները խոչընդոտ են, անհրաժեշտ է առաջնորդվել առնվազն չվնասելու տրամաբանությամբ․ Արցախի ՄԻՊ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, ինչ-որ առումով, նաև անձամբ ինձ համար որոշակի խոչընդոտներ են հարուցում, երբ տարբեր քննարկումների ժամանակ նաև մեր միջազգային գործընկերների կողմից մատնանշվում են դրանք։

Այս մասին Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պագամավորներից մեկի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն։

«Անվերապահորեն կարող եմ ասել, որ ՀՀ հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք իրենց վնասն են հասցնում ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից ու կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ես ուզում եմ, որ ՀՀ մեր հայրենակիցներն ու հայաստանյան հասարակությունը շատ ավելի ճիշտ և հստակ հասկանան, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։ Մենք ամեն օր բարձրաձայնում ենք սրա մասին, բայց իրավիճակի լրջությունը, անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել։ Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաև հայկական Սփյուռքում Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»,-ասաց նա։

Ստեփանյանն ընդգծեց, որ ՀՀ խորհրդարանականները պետք է զերծ մնան վերոնշյալ հայտարարություններից ու առաջնորդվեն առնվազն չվնասելու տրամաբանությամբ։

«Մյուս կողմից միջագային հանրության համար ցանկալի չէ նոր պետությունների ձևավորումը։ Ինչ-որ մի պահի միջազգային հանրությունը ստեղծել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը որպես ճիպոտ օգտագործում է ինքնորոշման իրավունքի ճանապարհով գնացող ժողովուրդների վրա»,-ասաց ԱՀ ՄԻՊ-ը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը