Մեկնաբանություն

18.07.2023 19:15


Նիկոլ-քանդարարի թիրախում Մատենադարանն է

Նիկոլ-քանդարարի թիրախում Մատենադարանն է

Նախօրեին, ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն նշանակվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Հարկավ, պետք էր գործածել՝ «ընտրվեց» բառը, սակայն այն բացարձակապես տեղին չէ ու կարող է որպես ծաղր հնչել: Դե, ինչպե՞ս ընտրվեց: Իրականում նշանակվեց կամ, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանն իր ամենից հավատարիմ պաշտոնյաներից մեկին գործուղեց Մատենադարան՝ հայագիտության սրբության սրբոցը, կարելի է ասել: Ու միայն այն, որ այսուհետ Մատենադարանի տնօրենը լինելու է երդվյալ նիկոլական, արդեն բավական է, որպեսզի բոլոր հայ մնացած հայերը լրջորեն անհանգստանան: Առանց որևէ փոխաբերական իմաստի: Իսկը՝ անհանգստանալու է:

Արա Խզմալյանի անունը, ի դեպ, վերջերս հոլովվեց նրա ԿԳՄՍ-ական գործունեության հետ կապված: Իսկ այդ գործունեությունը վերաբերում էր «Գոյ» թատրոնը փակելուն: Այսինքն, այս անձնավորությունը «փակողներից» է, փաստորեն լիովին համապատասխանում է նիկոլական ժամանակներին: Դե, երեկ «Գոյ» թատրոնը փակեց, երևի վաղը, մյուս օրն էլ Մատենադարանը կփակի: Հակառակ դեպքում, էլ ինչո՞ւ է Փաշինյանը նրան այնտեղ գործուղել:

Դե, չի՛ կարող չարի ծառը չար պտուղներ չտալ:

Ավելին, Արա Խզմալյանի մատենադարանային առաքելության հետ կապված չարագուշակ սպասումներ են ձևավորվում նաև այն պատճառով, թե ինչ մանիպուլյացիաներ արվեցին, որպեսզի նրան դարձնեն Մատենադարանի տնօրեն:

Նախ, Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանագրի ժամկետը լրացել էր և այդ պայմանագիրը չերկարաձգվեց: Եղան հրապարակումներ, որ Նիկոլ Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում նրա նկատմամբ, որովհետև Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի դահլիճը տրամադրել է ընդդիմադիրներին միջոցառման համար: Դե, սա արյունարբու ծաղրաբռնապետի արդեն «դասական» քինախնդրությունը կարելի է համարել: Բայց, հնարավոր է, դա ընդամենը պատրվակ էր, իսկ Մատենադարանը զավթելու հիմնական նպատակներն այլ են:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Եթե նախկինում հոգաբարձուների խորհրդում 24 հոգի էր, որից 11-ը՝ անմիջականորեն Մատենադարանից, ապա հիմա հոգաբարձուները 13-ն են, որոնցից, ուշադրությո՛ւն, միայն 2-ն են ներկայացնում Մատենադարանը: Մնացածը... կառավարության, ԿԳՄՍ-ի չինովնիկներ են:

Ավելին, իջեցվեց Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար ներկայացվող պահանջի շեմը: Եթե նախկինում պահանջվում էր, որ Մատենադարանի տնօրենի պաշտոնին հավակնողը պետք է գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունենա, ապա հիա նման պահանջ չի դրվում (Խզմալյանը արվեստագիտության թեկնածուի աստիճան ունի):

Ահա այս բոլոր մանիպուլյացիաներից հետո, որոնց ընթացքում արդեն իսկ պարզ էր, որ այդ ամենը արվում է կոնկրետ ինչ-որ մեկին այդ պաշտոնում նշանակելու նպատակով, Արա Խզմալյանն ընտրվեց կամ «գրաբարով» ասած՝ «ընտրվցվեց» Մատենադարանի տնօրեն:

Ի դեպ, ինքը՝ Խզալյանն, արդեն ավելի վաղ աշխատել է Մատենադարանում, եղել է տնօրենի խորհրդական, արխիվային բաժնի վարիչ: Մյուս կողմից, նախկինների կառավարման շրջանում էլ վատ կարիերա չի արել: Բայց դա չի խանգարել, որ դառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենից երկարակյաց պաշտոնյաներից մեկը. 2019 թվականից ԿԳՄՍ փոխնախարար: Նիկոլական իշխանության պայմաններում դա գրեթե ռեկորդ է: Այսինքն՝ երդվյա՛լ, հավատավո՛ր նիկոլական է: Այսինքն՝ ոչ մի լավ բան նրանից չպետք է սպասել: Երևի շատ լավ է ծառայել Նիկոլ Փաշինյանին, ինչի համար էլ փոխնախարարի պաշտոնից հանեցին ու նվիրեցին Մատենադարանի տնօրենի պաշտոնը: Դա էլ նրա պերսոնալ «պարգևավճարն» է:

Եթե ավելի պարզ, ապա Մատենադարանն ու մեր տասնյակ հազարավոր մատյանները ռեալ վտանգի տակ են: Սա նշում ենք այն բանի համար, որ եթե հանկարծ վաղը, մյուս օրը արթնանաք ու տեսնեք, որ Մատենադարանը չկա, իսկ դարավոր մատյաններից էլ Մաշտոցի արձանի առաջ խարույկ են վառել, անտեղի չզարմանաք, թե՝ վա՜յ, էս ոնց եղավ: Էդպես էլ եղավ, չէ՞ որ Մատենադարանի տնօրենը «Նիկոլի մարդն» է: Իսկ Նիկոլ Փաշինյանի համար այն ամենը, ինչ հայկական է, ատելի է ու ոչնչացման ենթակա:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը