Մեկնաբանություն

26.08.2023 17:45


«Մայր Հայաստանն» Արցախի հետ է ու, բնականաբար, նիկոլիզմի դեմ

«Մայր Հայաստանն» Արցախի հետ է ու, բնականաբար, նիկոլիզմի դեմ

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 32-րդ տարեդարձն է: Սակայն Արցախում ու Արցախի հետ կապված ամենևին էլ տարեդարձային տրամադրություններ չեն՝ հասկանալի պատճառներով: Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալուց հետո, ինչպես հայտնի է, Ադրբեջանն է՛լ ավելի սեղմեց շրջափակման օղակը՝ նպատակ ունենալով սովահարության, կյանքի պայմաններն անտանելի դարձնելու միջոցով ճնշել ու ցեղասպանության կամ բռնագաղթի ենթարկել Արցախի հայությանը: Վիճակն իսկապես օրհասական է: Ու նման վիճակը որոշակիորեն ամբողջացնում է այն ծրագիրը, որն իրագործելու համար էլ իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանի նման մեկը:

Հայտնի է, որ սեպտեմբերի 2-ին հանրահավաք է նախաձեռնվել՝ շեշտը դնելով Արցախի կողքին, Արցախի հետ լինելու, մեր պաշարված ու թշնամու ագրեսիային դիմագրավող հայրենակիցներին գոնե հոգեբանորեն աջակցելու վրա:

Ինքնին սպասելի է, որ ազգային ուժերը, իրենց ներկայացուցիչները, առհասարակ, այս մղձավանջային վիճակը տանել չցանկացող ու Արցախի և Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ ակտիվորեն կարձագանքեն Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի նախաձեռնությանը:

Նմանապես միանգամայն բնական է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակն առաջնորդող Անդրանիկ Թևանյանը կոչ արեց քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն սեպտեմբերի 2–ի հանրահավաքին, որ նախատեսված է երեկոյան ժամը 18-ին, Ազատության հրապարակում։

«Արցախը լքվել և ուրացվել է Հայաստանի իշխանության, բայց ոչ հայ ժողովրդի կողմից»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է Անդրանիկ Թևանյանը։

Ապա հայտարարությամբ հանդես եկավ «Մայր Հայաստան» դաշինքը նմանօրինակ կոչով, մասնավորապես նաև նշելով. «Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը: Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները»:

Նկատենք, որ մինչև սեպտեմբերի 2-ը դեռ մի ամբողջ շաբաթ կա: Իսկ իրադարձություններն Արցախում ու Արցախի հետ կապված, բավականին արագ են զարգանում: Խոսքը տվյալ դեպքում նախ Արցախում Նիկոլ Փաշինյանի կամակատար Արայիկ Հարությունյանի կողմից զանազան «խաղեր տալու» և դրանով պայմանավորված՝ տհաճ ու հավելյալ լարված մթնոլորտի, Աղդամի կողմից Ադրբեջանի դիմաց ճանապարհը բացելու մտադրությունների մասին է: Մյուս կողմից, Արցախի պաշարումը արդեն ավելի քան 200 օր է շարունակվում ու, հասկանալի է, որ պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ամեն ինչի ծայրահեղ պակասությունն արդեն առավել քան զգացվում է:

Ի լրումն, Փաշինյանի իշխանությունն այդ վիճակի ֆոնին զբաղված է Արցախն Ադրբեջանի արյունարբու գիրկը հրելով: Չնայած, ինչ կարելի էր սպասել Նիկոլ Փաշինյանից:

Այդ տեսանկյունից, ի դեպ, հարկ է ընդգծել, որ Երևանի ավագանու ընտրապայքարի մեջ մտած «Մայր Հայաստան» դաշինքն ի սկզբանե հայտարարել է, որ այդ քալը (ընտրություններին մասնակցելը) անում է ամբողջական իշխանափոխության հասնելու, Փաշինյանին հեռացնելու և այդպիսով Արցախին ու Հայաստանին ոչնչացման ուղղակի սպառնալիքից ձերբազատելու նպատակով:

Ավելին, ընտրապայքարի մեջ մտած ուժերի, թեկնածուների շարքում Անդրանիկ Թևանյանը միակն է, որ հստակ հայտարարել է, որ իր գլխավոր հակառակորդը կամ իր բառերով ասած՝ իր «հաճախորդը» Նիկոլ Փաշինյանն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը