Քաղաքական

02.09.2023 20:52


Կա՜մ Նիկոլին կհեռացնենք, կա՜մ Հայաստանն ու Արցախը չեն լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կա՜մ Նիկոլին կհեռացնենք, կա՜մ Հայաստանն ու Արցախը չեն լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի հարթակից Ազատության հրապարկում, դիմելով ժողովրդին, ասաց՝ բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է հստակ պատասխանատվություն՝ իշխանափոխության իրականացման համար։

«Ես հայտարարում եմ՝ բոլորս միասնական ջանքերով պետք է իրականացնենք իշխանափոխության գործը և, եթե ձեր վստահությունը լինի, անձամբ պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նիկոլ Փաշինյանը, նրա համոզմամբ, շատ լավ գիտի, որ դատվելու է Հայաստանի Հանրապետությանը սպառնալիք ներկայացնելու և պետական դավաճանության հոդվածներով, քանի որ Պրահայում նա համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և դրա հետևանքով է, որ պաշարված է Արցախը և Ցեղասպանության եզրին են մեր 120 000 հայրենակիցները։

«Շատ լավ հասկանալով, որ պետք է դատվի՝ նա Հայաստանը դիտարկում է որպես թուրքական ազդեցության գոտի, և միայն այդ դեպքում չի դատվելու։ Նրա համար կան 2 տարբերակ՝ կա՛մ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները չլինեն ու ինքն իր կաշին փրկի, կա՛մ հակառակը»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Բոլորիս խնդիրը, նրա համոզմամբ, պետք է լինի Պրահյան գործընթացից դուրս գալն ապահովելը, որովհետև Պրահայում է Լաչինի միջանցքը փակվել։ Իսկ դրա համար պետք է Երևանում ձևավորելն նոր իշխանության, ասաց նա, այնուհետև մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Նոր իշխանության ձևավորմամբ՝ կունենանք լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությամբ»,-վստահեցրեց նա։

Անդրանիկ Թևանյանը կոչ արեց այս գործին միանալ նաև նրանց, ովքեր իշխանության մեջ են։

Նա փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում և ունի առաքելություն տեր կանգնելու Արցախին։ Եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, նշեց Թևանյանը, վերանում է Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը։

«Հետևաբար, Արցախը հիմա այնտեղ պայքարելով՝ պահում է Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը»,-եզրակացրեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը