Քաղաքական

09.10.2023 11:27


Մոսկվան դիտարկում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ համալիրի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Մենք հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,-ասել է Գալուզինը։

***

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համակարտությանը վերջակետ դրված չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալուզինն այս մասին ասել է «ՌԲԿ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջակետ է դրված:

ԱԳ փոխարտգործնախարարը նախ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։

«Սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կարևորագույն դեր է խաղացել Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, այդ թվում՝ սննդի մատակարարման, բժշկական օգնության տրամադրման, ավելի քան հարյուր մարդկանց տարհանման գործում, որոնք վիրավորվել են Ղարաբաղի շրջաններից մեկի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այսինքն ՝ այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք հիմա, երբ չկան ռազմական գործողություններ, դա շատ առումներով Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի վաստակն է»,-ասել է Գալուզինը։

Միևնույն ժամանակ, Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ։

«Եվ այստեղ արդիականությունն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն և հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարևանների միջև»,-նշել է Գալուզինը։

Այս խորագրի վերջին նյութերը