Աշխարհ

06.11.2023 14:07


Բլինկենին Անկարայում դիմավորել են մթության մեջ, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել (տեսանյութ)

Բլինկենին Անկարայում դիմավորել են մթության մեջ, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անկարայում Բլինկենին ոչ գրկաբաց ընդունելը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում, մի շարք օգտատերեր կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։ Բլինկենը Թուրքիայի մայրաքաղաք է հասել գիշերը։

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինկենը նստել է իր մեքենան»,-գրում է «Turkiye» թերթը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Բլինկենին պաղեստինա-իսրայելական սրացման նկատմամբ նրա սուբյեկտիվ մոտեցման համար: Թուրքիայի ղեկավարի խոսքով` ԱՄՆ պետքարտուղարը ճգնաժամին մոտենում է իր ազգային պատկանելությունից ելնելով։

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Բլինկենը Գազայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ կանցկացնեն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը