Քաղաքական

15.11.2023 22:53


Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել․ Զախարովան՝ Հայաստանի ղեկավարությանը (տեսանյութ)

Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել․ Զախարովան՝ Հայաստանի ղեկավարությանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելն ու Երևանին արևմտյան սպառազինությունների մատակարարումը Ռուսաստանը դիտարկում է որպես փոխկապակցված իրադարձություններ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գեչատեսչության ներկայացուցիչը, միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք որևէ մեկին լավ բանի չի հանգեցրել։

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի անկեղծությունները Հայաստանի, այսպես կոչված, «եվրաինտեգրման» կամ «արտադաշինքային կարգավիճակի» վերաբերյալ, հանրապետությանն արևմտյան զենքի մատակարարումների մեծացումը, Երևանի անսպասելի, այսպես կոչված, «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, մենք դիտարկում ենք «որպես մեկ շղթայի օղակներ»»,-նշել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ վերոնշյալ «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացման», իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են Ուկրաինայի ուղղությամբ նրանց վարած քաղաքականության ձախողումների հետ։

«Ուկրաինայում Արևմուտքի ծրագիրն ամբողջությամբ ձախողվեց։ Հիմա Արևմուտքը գիշատիչի պես Հայաստանից է կառչել»,-հավելել է նա։

***

Հայաստանը միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով է վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա: Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումները անտեսվեցին՝ չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես ՄՔԴ-ի միջոցով Արևմուտքի կողմից սանձազերծված հակառուսական քաղաքականության ֆոնին։ Երևանը, զուտ քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ եթե Երևանում շարունակում են շահագրգռված մնալ «իրենց իսկ ձեռքով» ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա ռուսական կողմի կարծիքով «դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»։

***

Արևմուտքի խորհուրդները խանգարում են Հայաստանին ավարտին հասցնել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։

«Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Սակայն Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարել է թղթի վրա վերջնական տեսքի բերել համաձայնությունները։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչն է խանգարել․ Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «բարի» խորհուրդները»,-նշել է Զախարովան։

Ինչպես ընդգծել է դիվանագետը, Արևմուտքը եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը նպաստելու փոխարեն, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները հարաբերությունների կարգավորման ճանապարհին։

«Նրանք տորպեդահարում են ռուսական կողմի ջանքերը, փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սեփական «բաղադրատոմսերը» պարտադրել և հարաբերությունների կարգավորման փոխարեն նպաստում են կեղծ կարգավորմանը»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս ամենի հետևանքով Հայաստանը, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս գործելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հուշումներով, լրջորեն վտանգում է իրեն՝ կանգնելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու սպառնալիքի առջև։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը