Քաղաքական

16.12.2023 06:15


Սուքիասյանների ընտանեկան բիզնեսը ծաղկում է պետբյուջեի հաշվին. ՆԳՆ-ն միլիոնավոր դրամների հերթական հրատապ գնումն է կատարել «Սիլ ինշուրանսից»

Սուքիասյանների ընտանեկան բիզնեսը ծաղկում է պետբյուջեի հաշվին. ՆԳՆ-ն միլիոնավոր դրամների հերթական հրատապ գնումն է կատարել «Սիլ ինշուրանսից»

13 միլիոն 886.775 դրամ. ահա այսքան է դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը: Իսկ մատակարարը պետական գնումների ֆավորիտ «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն է:

Այս ընկերությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք տարբեր հրապարակումներում, պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Շուրջ 14 միլիոնանոց այս պայմանագրով «Սիլ»-ը կիրականացնի «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ:

Այսպիսով, «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը:

Հիշեցնենք, որ տարեսկզբից արդեն իսկ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով տարբեր խոշոր գնումներ արվել էին այս ընկերությունից:

Նոյեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակել է «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ: Պայմանագրի գինը ՝ 6 միլիոն 371.000 դրամ:

Այս տարվա հուլիսին դարձյալ Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների (ԱՊՊԱ) համար. այս գնումը նախարարությանն արժեցել է 5 միլիոն 600.000 դրամ:

Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը դեռ տարեսկզբին ոչ մրցակցային ընթացակարգով մեկ այլ պայմանագիր էլ էր կնքել. հունվարի 16-ին մեկ անձ ընթացակարգով այդ պայմանագրով «Սիլ ինշուրանսը» պետք է իրականացներ շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ ընդհանուր 39 միլիոն 984.000 դրամ գնով:

ՀՀ վարչապետի աշխատակազմը փետրվարին «Սիլ ինշուրանս»-ից մեկ անձ ընթացակարգով 2 միլիոն 12.000 դրամով գնել է ԱՊՊԱ ծառայություններ՝ ապահովագրելով շուրջ 40 ավտոմեքենա:

Առողջապահության նախարարությունը դարձյալ մեկ անձ ընթացակարգով «Սիլ ինշուրանս»-ից փետրվարին գնել է հիվանդանոցային ծառայություններ, որի արժեքը սեպտեմբերին կնքված համաձայնագրով հաշվարկվել է 560 միլիոն 20.573 դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ անմասն չի մնացել մեկ անձ գնումների այս շքերթից և փետրվար ամսին «Սիլ ինշուրանս»-ին պատվիրակել է շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ 3 միլիոն 444.000 դրամ արժողությամբ:

Դարձյալ փետրվարին, դարձյալ մեկ անձ ընթացակարգով այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Արդարադատության նախարարությունը, գնել ԱՊՊԱ ծառայություններ, որի արժեքը, ըստ մարտին կնքված համաձայնագրի, կազմել է 3 միլիոն 13.500 դրամ:

Ազգային ժողովն իր կարիքների համար հունվար ամսին 2 միլիոն 497.338 դրամ ընդհանուր գնով պայմանագիր է կնքել այս ԱՓԲԸ-ի հետ՝ 41 տրանսպորտային միջոցների ապահովագրության համար: Մեկ այլ պայմանագրով էլ ձեռք է բերել Ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրման ծառայություն՝ այդ անգամ վճարելով 1 միլիոն 602.000 դրամ՝ 1 մեքենայի համար, և այդ մեքենան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան էր:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը