Լրահոս

02.11.2011 15:51


Կովալենկո Շահգալդյան. «Մարզպետարանը մեղք չունի, եկեղեցին իրեն պատկանող տարածքը կառուցապատման իրավունքով տվել է վարձակալության»

Կովալենկո Շահգալդյան. «Մարզպետարանը մեղք չունի, եկեղեցին իրեն պատկանող տարածքը կառուցապատման իրավունքով տվել է վարձակալության»

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, շուտով Կովալենկո Շահգալդյանին այդ պաշտոնում կփոխարինի, ասել է, որ այդպիսի խնդիր չկա դրված։ Հարցին՝ առաջիկայում է՞լ վտանգ չի տեսնում, նա պատասխանել է՝ համայնքի ղեկավարին ընտրում են ավագանու միջոցով։

–Ավագանին առաջարկություն պետք է ներկայացնի մարզպետին, մարզպետը պետք է ներկայացնի կառավարություն, հետո պետք է լինի Սահմանադրական դատարանի եզրակացությունը։ Այս ամենով հանդերձ՝ նախ՝ անհրաժեշտություն չկա. յուրաքանչյուրն իրականացնում է իր ծառայողական պարտականությունները,–ասել է նա։

Անդրադառնալով Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու տարածքում ընթացող ռեստորանային համալիրի կառուցմանը՝ Կովալենկո Շահգալդյանը նշել է, որ այստեղ մարզպետարանը մեղք չունի, քանի որ եկեղեցին իրեն պատկանող տարածքը կառուցապատման իրավունքով տվել է վարձակալության տվյալ ՍՊԸ–ին, այդ վարձակալությունն ստացել է պետական գրանցում և եկեղեցու համաձայնությամբ սկսել կառուցապատում։

Հարցին՝ ինքը՝ որպես մարզպետ և հայ քրիստոնյա, ինչպե՞ս է վերաբերում եկեղեցուն կից ռեստորանային համալիրի կառուցմանը, նա պատասխանել է, որ երկրում կա օրենք, որին բոլորը՝ և՛ մարզպետը, և՛ լրատվամիջոցները, պետք է հետևեն։

–Եթե եկեղեցին, որը տվյալ տարածքի սեփականատերն էր, իր կամարտահայտությամբ պետական գրանցում է կատարում և այդ մարդուն իրավունք է վերապահում կառուցապատելու, համայնքի ղեկավարը.... բայց ասեմ, որ  համայնքի ղեկավարը նախ տուգանել էր կառուցապատողին ապօրինի շինարարության համար, հետո ես իմ նամակով համայնքի ղեկավարից պահանջել էի դադարեցնել շինարարությունը, ինչն էլ արվել է։ Այնպես որ, մենք ընթացակարագով դիմել ենք Մշակույթի  և տարածքային կառավարման նախարարություններ։ Տարածքային կառավարման նախարարությունից մեզ պատասխանել են, որ եզրակացություն կտան Մշակույթի նախարարության պատասխանից հետո։ Սպասում ենք Մշակույթի նախարարության պատասխանին. եթե նախարարությունը պատասխանի, որ  համաձայն չէ, մենք այդ օբյեկտը կոչնչացնենք,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը