Լրահոս

03.11.2011 09:50


Մեղադրյալի բարեկամները սպառնացել են տուժողի ներկայացուցչին

Ուրբաթ օրը, նոյեմբերի 4-ին` ժ. 15:30-ին, Աջափնյակ-Դավթաշեն համայնքների (հասցե` Նազարբեկյան թաղամաս 40) ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Կարինե Այվազյանի գործով դատական լսում (դատավոր՝ Դավիթ Բալայան): Տուժողն անչափահաս աղջիկ է։ Քրեական օրենսգրքի 132.2–րդ հոդվածը այդ հանցագործության համար նախատեսում է ազատազրկում՝ յոթից տասը տարի ժամկետով:

Սակայն դատախազը  ՀՀ քր. օր.-ի 132.2–րդ և 262-րդ հոդվածների համակցությամբ պահանջել է ընդամենը 3 տարի 3 ամիս: Ձեր ներկայությունը կարևոր է, քանի որ հակառակ դեպքում նման կամ շատ ավելի մեղմ դատավճիռ կայացնելու մեծ հավանականություն կա:

Ավելացնենք, որ մեղադրյալի բարեկամները խիստ պատիժ պահանջելու համար սպառնում էին տուժողի ներկայացուցչին՝ փաստաբան Օլգա Սաֆարյանին:

Ստորև ներկայացվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը։

ՀՈԴՎԱԾ 132.2.   ԵՐԵԽԱՅԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԻՐ ԱՐԱՐՔԻ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ԴԱ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԹՐԱՖԻՔԻՆԳԸ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) պաշտոնեական դիրքը օգտագործելով, 4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 5) առևանգման միջոցով, 6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 7) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը` 1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: (1322-րդ հոդվածը լրացվ. է  01.03.11 ՀՕ-69-Ն )

Այս խորագրի վերջին նյութերը