Աշխարհ

04.01.2024 21:30


2023 թվականի ամենատարօրինակ գիտական ​​հայտնագործությունները

2023 թվականի ամենատարօրինակ գիտական ​​հայտնագործությունները

«Science and Life» ամսագիրը հրապարակել է «Տարօրինակ գիտություն-2023» ցանկը անցյալ տարվա 6 գիտական ​​հայտնագործությունների մասին, որոնց մասին չգիտենք էլ, թե ինչ մտածել:

Խոսող բույսեր

Թել Ավիվի համալսարանի աշխատակիցները չափազանց տարօրինակ փորձ են անցկացրել՝ նրանք որոշել են պարզել՝ արդյո՞ք, բույսերը ինչ-որ հնչյուններ են արձակում։ Ոչ, իհարկե, մենք բոլորս լսել ենք, թե ինչպես են սաղարթները խշխշում և ինչպես են ծառերը ճռճռում քամուց, բայց այստեղ հետաքրքրությունն այն է, թե, արդյո՞ք, բույսերը ձայներ են հնչեցնում, երբ մեխանիկական ազդեցության չեն ենթարկվում։ Լոլիկի և ծխախոտի բույսերը տեղադրեցին միկրոֆոններով ձայնամեկուսիչ տուփի մեջ։ Միկրոֆոնները որսացին ուլտրաձայնային ճրթոցներ, որոնք այլ տեղից չէին կարող գալ, բացի բույսերից:

Բույսերի (ուլտրա) ձայները վաղուց են գրանցվում․կան մի շարք հետազոտություններ, որոնցում սենսորներ են ամրացվել բույսերին, և դրանք փոքր թրթռումներ են որսացել, որոնք կարող են ուլտրաձայն առաջացնել: Հիմա գաղափարն այլ էր՝ պարզել՝ արդյո՞ք բույսերը ունակ են «ուլտրաձայն» արձակել օդում, ի վիճակի՞ են ձայներ հանել, որոնք կարելի է լսել իրենցից հեռավորության վրա։ Պարզվեց, որ կարող են։

Սնկերը սառչում են ցանկացած եղանակին

Ջոնս Հոփկինսի համալսարանի և Պուերտո Ռիկոյի համալսարանի աշխատակիցները չափել են սնկերի ջերմությունը և եզրակացրել, որ դրանք միշտ սառն են: Բանն այն չէ, որ դրանք դիպչելիս են սառը, սա գիտի ցանկացած սունկ հավաքող, այլ այն, որ դրանք միշտ ավելի սառն են, քան շրջակա միջավայրը, ավելի սառը մոտ 1,4–5,9 ° C-ով: Ընդ որում, սնկերը պատրաստ են իջեցնել իրենց ջերմաստիճանը, նույնիսկ եթե զրոյից նրանց բաժանի ընդամենը մի քանի աստիճան։

Եվ դա վերաբերում է բոլոր սնկերին՝ ոչ միայն նրանց, որոնք գլխարկ ունեն ցողունի վրա, այլև բորբոսասնկերին, որոնցում մենք տեսնում ենք միայն սնկամարմնի թելեր և նույնիսկ խմորասունկ։

Լուսարձակող գազաններ

Կերտինի համալսարանի աշխատակիցներն այցելել են թանգարաններ, որպեսզի պարզեն, թե կենդանիների քանի տեսակ կարող է լույս տալ մթության մեջ: Պարզվել է, որ կա 125 տեսակ։ Խոսքը ֆլուորեսցենցիայի մասին է, երբ ինչ-որ նյութ կլանում է ընկնող լույսի էներգիան, որպեսզի հետո արձակի իր սեփական լույսը, բայց արդեն ալիքի ավելի մեծ երկարությամբ։ Ֆլուորեսցենցիան տարածված է կենդանիների շրջանում, սակայն կարծում էին, որ հատկապես գազանները զրկված են այդ ունակությունից: Պարզվել է, որ բոլորովին էլ այդպես չէ. Շատ-շատերն են լույս տալիս՝ սկսած բադակտուցից և եքիդնայից մինչև չղջիկներ, զեբրեր և ընտանի կատուներ. կաթնասունների բոլոր շարքերում կարելի է գտնել լուսարձակող մեկին:

Կոլիբրիները մի քիչ խմում են

Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները հետաքրքրվել են՝ արդյոք կոլիբրիները շատ են խմում: Բանն այն է, որ և՛ ծաղկի նեկտարը, և՛ քաղցր ջուրը հատուկ կերակրամանի մեջ խմորվում են միկրոօրգանիզմների կողմից: Եթե վերցնեք կոլիբրիի ստնդարտ կերակրաման սախարոզայի քսանտոկոսանոց լուծույթով, ապա երկու շաբաթվա ընթացքում դրանում 0,05% էթանոլ կկուտակվի: Թվում է, թե դա շատ չէ, բայց այստեղ պետք է հիշել, որ կոլիբրիներն օրական ուտում-խմում են իրենց քաշի 80%-ի չափով հեղուկ: Այսպիսով, ալկոհոլի ընդհանուր քանակությունը, որը նրանք օգտագործում են, մեծ չէ, բայց, համենայն դեպս չնչին չէ: Ավելին, կոլիբրիները չեն ամաչում ավելի բարձր թնդությունից․ փորձի ժամանակ նրանց առաջարկվել է ընտրել կերակրամաններ շաքարաջրով առանց էթանոլի և 1% էթանոլով, և կոլիբրիները նույն հաճույքով խմել են ինչպես առանց էթանոլի ջուրն, այնպես էլ էթանոլովը:

Երիտասարդ մայրերը հակված են պարեյդոլիայի

Պարեյդոլիան այն է, երբ դեմք ես տեսնում այնտեղ, որտեղ այն չկա: Մամուռի ընձյուղներ քարի վրա, մուրաբա հացի վրա կամ տան պատուհանները հանկարծ պարզվում է, որ աչքեր, քիթ, բերան, ականջներ են, և ահա մեր առջև մարդկային դեմք է: Իրականում երևակայական պատկերն անպայման չէ, որ դեմք լինի, ավելի բարդ բաներ կարող են պատահել, օրինակ, երբ վիշապներ են հայտնվում ամպերի մեջ, իսկ կերակուրի ափսեի մեջ հայտնվոմ են կրոնական թեմաներ. բայց սովորաբար դրանք, այնուամենայնիվ, դեմքեր են:

Անցյալ տարի գրել էինք, որ ամենից հաճախ երևակայական դեմքերը պատկանում են տղամարդկանց։ Biology Letters-ի նոր աշխատության մեջ անցյալ տարվա հոդվածի հեղինակներից մեկը Քվինսլենդի համալսարանի գործընկերների հետ հայտնում է, որ պարեյդոլիայի հակումը մեծանում է երիտասարդ մայրերի մոտ:

Շները կծում են շոգին

Հարվարդի համալսարանի գիտնականները վերլուծել են 2009-ից 2018 թվականներին ԱՄՆ ութ ​​քաղաքներում շների կծելու մասին հաղորդումները: Եղել է ավելի քան 69 հազար նման հաղորդում՝ օրական միջինը երեք կծոց։ Բայց կծոցները բաշխվել են անհավասարաչափ։ Այսինքն՝ որոշ օրերի շները ավելի հաճախ էին կծել մարդկանց, ուրիշ օրերի՝ ավելի հազվադեպ։ Երբ կծոցների հաճախականությունը համեմատել են եղանակի հետ, պարզվել է, որ շները 11%-ով ավելի հաճախ կծել են այն ​​օրերին, երբ քաղաքը ստացել է արևային ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացված չափաբաժին, 4%-ով ավելի հաճախ, երբ քաղաքում սովորականից ավելի շոգ է եղել, և 3%-ով ավելի հաճախ, երբ օդում օզոնի մակարդակը բարձրացել է։ Իսկ երբ տեղատարափներ են եղել, շները 1%-ով ավելի քիչ են կծել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը