Քաղաքական

08.01.2024 10:37


Վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) ստեղծման նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը. այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի՝ սկսած Բաքվից մինչև Հորադիզ, կառուցումը մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,-ասել է Ուրալօղլուն թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։

«Կպահանջվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ կապող գոյություն ունեցող մոտ 100 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցումը, որի շարունակությունը կլինի Իգդիր-Կարս երկաթգիծը»,-ասել է Ուրալօղլուն։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Երևանի դիրքորոշմանը, նախարարն ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է արվել, հայկական կողմը բացասաբար է արձագանքել՝ չնայած այն հանգամանքին, որ խոսվել է նաև «Հայաստանի համար այս ծրագրի օգուտների» (չակերտները՝ Tert.am) մասին։

«Սակայն վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել այս միջանցքի վերաբերյալ. «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։ Նրանք պետք է ձեռնարկեն պլանավորում և մրցույթներ, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի: Այսպիսով, Թուրքիան ուղիղ և հեշտ մուտք կստանա դեպի թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի երկրներ»,-ասել է նա։

Թուրք նախարարը նաև նշել է, որ Իրանն իր հերթին հանդես է եկել ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ, որի արդյունքում Ադրբեջանը Թուրքիայի հետ կկապվի Իրանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը:

«Մենք կիրականացնենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, սակայն դեմ չենք, որ Իրանը նույնպես իր տարածքով դառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս կապի մաս: Իրանական կողմի հետ բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են։ Այս նախագիծն իր ժամանակին իրագործվելու է»,-ասել է Ուրալօղլուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը