Քաղաքական

26.01.2024 18:11


ՀՀ-ում մարդն ու կենդանին մնացել են դեմ առ դեմ․ իշխանությունները թերանում են իրենց աշխատանքում (տեսանյութ)

ՀՀ-ում մարդն ու կենդանին մնացել են դեմ առ դեմ․ իշխանությունները թերանում են իրենց աշխատանքում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնությամբ՝ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» թեմայով։

Քննարկմանը հրավիրվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, մասնագիտացված ՀԿ անդամներ, կենդանասերներ և առհասարակ խնդրով մտահոգ քաղաքացիներ:

Իր բացման խոսքում Արեգնազ Մանուկյանն ընդգծել է, որ մեր երկրին այսօր սպառնացող բազմաթիվ լուրջ անվտանգային խնդիրներ կան և դրանց հետևանքով էր, որ կորցրեցինք Արցախն ու հիմա հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության պետականության գոյությունը։

Բայց Հայաստանում առկա են նաև լուրջ խնդիրներ, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն։ Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների հարցն է, որը բարձրաձայնելու խնդրանքով են դիմել բազմաթիվ կենդանասերներ, և հենց այդ պատճառով էլ խորհրդարանում Արեգնազ Մանուկյանը որոշել է նախաձեռնել «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով քննարկումը։

«Առաջին հայացքից գուցե թվա, որ սա այդքան էլ խորքային հարց չէ, բայց իրականում այն շատ լուրջ և բազմաշերտ լուծումներ պահանջող խնդիր է։ Պետք է ընդունել, որ մեկ պարզ գործողությամբ այն լուծելն անհնար է․ անհրաժեշտ է համակարգային լուծում։ Եվ այս հարցում իր դերակատարումը պետք է ունենա պետությունը, քանզի երբ իշխանությունները թերանում են իրենց պարտականություններում, մարդն ու կենդանին մնում են դեմ առ դեմ, և խնդիրներն էլ յուրաքանչյուրը փորձում է լուծել ըստ իր պատկերացրածի»,-ասել է ԱԺ պատգամավորը։

Նա հավելել է, որ խնդրի լուծման միջոցներից են, մասնավորապես, թափառող կենդանիների համար հատուկ կացարանների ստեղծումը, նրանց ստերջացումը, պատվաստումը, հիվանդ և վիրավոր կենդանիների բուժումը, ընտանի կենդանիների չիպավորումը և այդ կենդանիներին դուրս նետող տերերին օրենքով պատասխանատվության ենթարկելը, շներին գումար աշխատելու նպատակով կռվացնելու դեպքերը բացառելը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողներին օրենքով սահմանված կարգով պատժելը և բազմաթիվ այլ միջոցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը