Հարցազրույց

30.01.2024 09:12


Փաշինյանի ասածը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին․ Շապովալով (տեսանյութ)

Փաշինյանի ասածը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին․ Շապովալով (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել հարաբերություններն անվտանգության ոլորտում:

Սա, ըստ քաղաքագետի, դեմարշ է Փաշինյանի կողմից, որ դեռ պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, սակայն նման հայտարարություններ է անում։

«Առաջին հերթին պետք է ընդգծել, որ Փաշինյանը շարունակում է իր գիծը, որը վարում է երկար ամիսներ, իսկ էությունը հետևյալն է․ առաջինը՝ Արցախյան պատերազմում պարտության համար իրեն և իր կողմնակիցներին արդարացնելու գիծն է։ Փաշինյանը բացարձակապես անհիմն փորձում է մեղադրել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Ռուսաստանը կատարում է ստանձնած բոլոր պարտավորություններն, ավելին, հենց ռուս խաղաղապահներն են ապահովել Ղարաբաղում հակամարտության ավարտը։ Ինչ վերաբերում է ռազմական ու քաղաքական պարտությանը, դա Փաշինյանի խղճի վրա է, ոչ թե Ռուսաստանի։

Երկրորդը Ռուսաստանի և ՀԱՊԿ դաշնակիցների հետ հարաբերությունների աստիճանական թուլացման գիծն է։ Երրորդը արևմտակենտրոն գիծն է, եվրաինտեգրման գիծը, Արևմուտքի երկրների հետ աստիճանական մերձեցումը։ Այս երեք քայլերն էլ մենք դիտարկում ենք միաժամանակ Փաշինյանի կատարմամբ։ Մենք դեմարշ ենք տեսնում Հայաստանի վարչապետի կողմից, որը դեռ պաշտոնապես չի լքում ՀԱՊԿ-ը, բայց, այնուամենայնիվ, նման հայտարարություններ է անում։

Եզրակացությունը, որ արել է Փաշինյանը, բացարձակապես չի համապատասխանում այն իրողություններին, որոնք գոյություն ունեն Կովկասում և, ընդհանուր առմամբ, մակրոտարածաշրջանային մակարդակում։ Մենք տեսնում ենք, որ հենց ՀԱՊԿ-ն է կայունության հուսալի երաշխավորը»,-ասել է Շապովալովը։

Փորձագետի խոսքով՝ արևմտյան երկրները ոչ մի կերպ իրենց չեն դրսևորել որպես անվտանգության երաշխավոր։

«Եթե վերցնենք Հարավային Կովկասը, ապա այստեղ արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և եվրոպական կառույցներն իրենց չեն դրսևորել որպես անվտանգության երաշխավոր։ Ընդհակառակը, նրանց գործողություններն ուղղված են կործանմանը, սադրանքներին, իրենց ազդեցության ուժեղացմանը, բայց ոչ Հայաստանի շահերի պաշտպանությանը։

Ղարաբաղյան հակամարտության շուրջ 30 և ավելի տարիների ընթացքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից չի եղել ոչ մի դրական նախաձեռնություն՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Ուստի այս դեպքում, հատկապես արևմտյան ինստիտուտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում հստակ ճգնաժամի պայմաններում, Փաշինյանի հայտարարությունը հասկանալի է, բայց բացարձակապես չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին»,-եզրափակել է քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը