Մեկնաբանություն

31.01.2024 13:35


Ամուլսարի «բնապահպանները» հայտնվեցին Բաքվում. դիվերսիան շարունակվում է

Ամուլսարի «բնապահպանները» հայտնվեցին Բաքվում. դիվերսիան շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը փայ մտավ Ամուլսարի հանքում։ Հիմա արդեն կրքերը կհանդարտվեն։ Ավելի ճիշտ՝ վաղուց են հանդարտվել («բնապահպաններն» անհետացել են)։ Բայց մյուս կողմից էլ նոր կրքեր են բորբոքվում Ամուլսարի շուրջ, քանզի բուն տիկնիկավարներն են մտնում խաղի մեջ։

Հիմա ամեն ինչի մասին հերթով։

Տնաբույծ «բնապահպանները»

Տնաբույծ «բնապահպաններն» իրենց խնդիրը 2018–ից սկսած լուծեցին՝

  1. Փչացնել Հայաստանի իմիջը միջազգային ասպարեզում, որպեսզի հանկարծ որևէ լուրջ ներդրողի մտքով չանցնի Հայաստանում բիզնես հիմնել,
  2. Հայաստանի բյուջեն զրկել հսկայական միջոցներից, այն միջոցներից, որոնք կարող էին բանակին ծառայել,
  3. Թույլ չտալ, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն,

4.Թույլ չտալ, որպեսզի Հայաստանում հանքարդյունաբերության մենեջմենթի նոր որակ հաստատվի,

5.Թույլ չտալ հանքի շահագործում՝ մինչև մեր երկրի թշնամիների գալը։

«Բնապահպաններն» ակնհայտորեն ուղղորդվում էին։ Ուղղորդվում էին ներսից ու դրսից։ Ներսի ուղղորդողները նպատակ ունեին փայ մտնել հանքի մեջ։ Տեղացի օլիգարխիկ շրջանակներն ու հանքարդյունաբերության բիզնեսում շահագրգռվածություն ունեցող մարդիկ հաց ու ջուր էին հասցնում «ցուցարարներին», որպեսզի իրենց խնդիրը լուծեին՝ կամա թե ակամա խաղալով թուրք–ադրբեջանական խաղը։

Դրսի ուղղորդողների խնդիրն ավելի գլոբալ էր։ Ներսիններն ու դրսինները համատեղ մեծ վնաս տվեցին Հայաստանին ու Արցախին։

Ներսիններն իրենցը ստացան ու հանգստացան։ Դրա համար էլ «բնապահպանները» վաղուց չեն երևում Ամուլսարի կողմերում։ Նրանց ներսի տերերն այլևս չեն կերակրում, իսկ դրսի տերերն այլ խնդիրներ են դնում դրանց առաջ (օրինակ՝ Ամուլսարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Գյումրիի ռուսական ռազմաբազայի դիմաց ցույց անելն ու Հայաստանից այդ բազան հեռացնելու օգտին աշխատելը)։

Տնաբույծ «բնապահպանների» խնդիրն, ինչպես դժվար չէ գլխի ընկնելը, բնապահպանական չէ։ Նրանց խնդիրը Հայաստանի դեմ օգտագործվելն է։ Նրանք թքած ունեն Ջերմուկի, Ամուլսարի և ընդհանրապես ամբողջ Հայաստանի վրա։ Պատահական չէ, որ երբ Արցախում պատերազմ եղավ կամ երբ ադրբեջանցիները հարձակվեցին Ջերմուկի ուղղությամբ, «բնապահպաններից» որևէ մեկը հետույք չպատռեց ու նույնիսկ խոսքով չդատապարտեց Բաքվի գործողությունները, որոնք բացի մեր տարածքները զավթելը նաև բնությանն էին վնաս տվել։

Ադրբեջանցի «բնապահպանները»

Հայաստանի ու Արցախի դեմ «բնապահպանական» ահաբեկչությունը շարունակվում է։ Սկսեցին Ամուլսարով, հետո անցան Արցախին, շարունակում են Հայաստանով։

Ինչպես հայտնի է, Արցախի շրջափակումը «բնապահպանական» մոտիվներով էր։ Կեղծ լոզունգներով եկան հանքը փակելու, հետո պաշարեցին Արցախն ու ստացանք հայաթափված Արցախ։

Հիմա նույնն անում են Հայաստանի հետ։ Ադրբեջանցի «բնապահպանները» պահանջում են չշահագործել Ամուլսարի հանքը և ընդհանրապես բոլոր հանքերը։ Դա շատ կոնկրետ օպերացիա է, որպեսզի Հայաստանը տնտեսապես ոչնչացնեն ու հետո անցնեն ֆիզիկականին ու երբ գրավեն Հայաստանն, արդեն իրենք շահագործեն հանքերն ու հարստանան։ Եթե սրան գումարենք նաև թուրք–ադրբեջանական պահանջը՝ «բնապահպանական» մտահոգությամբ փակել ատոմակայանը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ բոլոր ուղղություններով աշխատում են՝ «բնապահպանական» (փակել հանքերը), ռազմական (թույլ չտալ Հայոց բանակի վերականգնում և Հայաստանի դեմ հարձակման պատրաստվել), սահմանադրական (փոխել ՀՀ սահմանադրությունը՝ վերացնելով ՀՀ անկախության հռչակագիրը)։

Նիկոլ Փաշինյանի պես մեկն է թուրքերի ձեռքն ընկել։ Դրա համար էլ մինչև վերջ սեղմում են ու ստանում իրենց ուզածը։ Միայն սրանից ազատվելը Հայաստանին փրկվելու շանս կտա։ Այլ տարբերակներ չկան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը