Աշխարհ

11.02.2024 09:33


Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների հանդեպ ոտնձգությունների հետ կապված գործի պատճառով

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների հանդեպ ոտնձգությունների հետ կապված գործի պատճառով

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված գործով դատապարտված տղամարդուն համաներում շնորհելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Նովակը 2023 թ. ապրիլին համաներում է շնորհել մոտ երկու տասնյակ մարդու, որոնց թվում է եղել նաև մանկատան փոխտնօրենը, որն օգնել է հաստատության նախկին տնօրենին թաքցնել իր հանցագործությունները։

Վերջին անգամ որպես նախագահ դիմելով ժողովրդին՝ Նովակը խոստովանել է, որ «սխալ է գործել»։

«Ես համաներում եմ շնորհել, որը շատ մարդկանց մոտ տարակուսանք և անհանգստություն է առաջացրել։ Ես սխալ եմ գործել»,-ասել է Նովակը։

Վերջին օրերի ընթացքում Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին Նովակի հրաժարականը, իսկ փետրվարի 9-ին հազարից ավելի ցուցարարներ երթով գնացել էին դեպի նախագահի գրասենյակ՝ պահանջելով նրանից վայր դնել լիազորությունները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փորձելով զսպել երկրում առաջացած քաղաքական աղմուկը, փետրվարի 8-ին խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխություն, որով նախագահը զրկվում է երեխաների դեմ կատարված հանցագործությունների համար համաներում շնորհելու իրավունքից։

46-ամյա Կատալին Նովակը Հունգարիայի առաջին կին նախագահն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։

Բացի նախագահից, իշխող կուսակցության պատգամավորի մանդատից հրաժարվել է նաև երկրի նախկին արդարադատության նախարար Ջուդիտ Վարգան, որը նույնպես ստորագրել էր համաներման որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը