Քաղաքական

16.02.2024 09:24


Վահան Քերոբյանը 2 տարի ուշացավ (մի «թրաֆիկինգի» ենթարկված նախարարի պատմություն) (տեսանյութ)

Վահան Քերոբյանը 2 տարի ուշացավ (մի «թրաֆիկինգի» ենթարկված նախարարի պատմություն) (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը հանկարծ պարզեց, որ ինքն այլևս չի աշխատելու նախարար: Դա Նիկոլ Փաշինյանի մոտ նախարար կամ այլ պաշտոնյա աշխատողների ճակատագիրն է: Իրենք ոչ թե հեռացվում են, այլ հանկարծահաս են հեռացվում ու... հայտնվում նախաքննության տակ կամ ԱԱԾ մեկուսարանում:

Վահան Քերոբյանն, իհարկե, պետք է հեռանար շատ վաղուց՝ 2022թ. սկզբում, քանզի խոստացել էր, որ եթե 2021-ին երկնիշ տնտեսական աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա: Երկնիշ աճը չեղավ, բայց Քերոբյանն իր խոսքից թռավ: Պարզ ասած՝ ստեց ու հրաժարական չտվեց:

Երբ նրան ԱԺ-ում հիշեցրեցի իր խոստումը, նա անհեթեթ բաներ դուրս տվեց: Ասաց՝ կատակ էր անում: Դա անլրջության գագաթնակետն էր: Հետո արդեն պարզ դարձավ, որ վիճակը ոչ թե անլուրջ է, այլ շատ լուրջ: Լուրջ՝ Քերոբյանի՛ համար:

Բանն այն է, որ Քերոբյանի հրաժարական չտալուն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքն է արգելել նրան հրաժարական տալ և երբ ինքը որոշի, այն ժամանակ էլ իր նշանակած պաշտոնյաները հրաժարական կտան: Կոպիտ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ իր նշանակած պաշտոնյաները թրաֆիկինգի ենթարկվածների պես են. ինքն անձնագրերը ձեռքներից վերցնում է, շահագործում, ապա իր ուզած պահին դեն շպրտում:

Քերոբյանի պահը հիմա եկավ, ու Նիկոլը նրան դեն շպրտեց: Նողկալին այն է, որ Քերոբյանն այդքանից հետո շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին:

Հ.Գ. Կից տեսանյութում Քերոբյանի արկածներն են՝ խոստում տալու ու խոստումից հրաժարվելու թեմայով: Հազար ասեցինք՝ հրաժարակա՛ն տուր: Թե բա՝ կատակ եմ արել...

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը