Լրահոս

16.02.2024 11:31


Եվրոպայի բազմակի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի և Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (տեսանյութ)

Եվրոպայի բազմակի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի և Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում» (տեսանյութ)

Անցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնական տրամադրություն էր: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրպագուները եկել էին դիմավորելու Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին, Հայաստանի հավաքականին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը Երևան ժամանեց փետրվարի 16-ին 04:30-ին Բուխարեստ-Աթենք-Երևան չվերթով: Չեմպիոններին և բրոնզե մեդալակրին դիմավորելու էին եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզասերներ, չեմպիոնների ծնողները, բարեկամներն ու ընկերները:

Արթուր Ալեքսանյանին «Զվարթնոցի» սպասասրահի աննկատ վայրում սպասում էր նրա մայրը: 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի ըմբիշը Բուխարեստում էր հոր, անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ:

Մալխաս Ամոյանը մրցավայրում էր՝ հորեղբոր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ: Մալխաս Ամոյանին մեծ ցնծությամբ դիմավորեցին նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները:

Չեմպիոններին դիմավորեցին ծափերով, դափնիներով, բայց առանց զուռնա-դհոլի: Արմեն Բաբալարյանը սպասասրահ դուրս եկավ Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում երրորդ տեղի համար արժանացած գավաթով:

Փետրվարի 12-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոկսե, մեկ բրոնզե մեդալ:

7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական չեմպիոնը 97 կգ քաշայինների եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի հետ և 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:

Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը (77 կգ): Եզրափակիչում աշխարհի չեմպիոնը 7:0 հաշվով հաղթեց թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:

55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը