Աշխարհ

05.03.2024 18:40


Բեզոսը 2021-ից ի վեր առաջին անգամ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը

Բեզոսը 2021-ից ի վեր առաջին անգամ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2021 թվականից ի վեր առաջին անգամ զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, այս են փաստում Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Վարկանիշի համաձայն՝ թեև Բեզոսի կարողությունը վերջին 24 ժամվա ընթացքում նվազել է 500 միլիոն դոլարով, սակայն դա նրան չի խանգարել դառնալ ամենահարուստը: Ներկայումս Բեզոսի կարողությունը գնահատվում է 200 միլիարդ դոլար։ Տարեսկզբից Amazon-ի հիմնադիրը հարստացել է 23,4 միլիարդ դոլարով։

«2021 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Amazon-ի հիմնադիր Բեզոսը գլխավորում է Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը»,-գրում է գործակալությունը։

Ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն և X (նախկին Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը երկրորդ տեղում է հայտնվել։ Նրա կարողությունը գնահատվում է 198 մլրդ դոլար:

Առաջատար եռյակը եզրափակում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի սեփականատեր, ֆրանսիացի Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է մինչև 197 միլիարդ դոլար:

2012 թվականի մարտից Bloomberg գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը