Լրահոս

11.03.2024 14:03


Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի ենք համարում. արհմիությունների կոնֆեդերացիա

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի ենք համարում. արհմիությունների կոնֆեդերացիա

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են 587 արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար:

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 24.8 %-ն աղքատ է: Աղքատների շրջանում կան նաև աշխատող աղքատներ, որոնք, անգամ աշխատելով չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների նվազագույն կենսական պահանջմունքները:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Չի կիրառվում նաև դեռևս 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 741 571 աշխատողներից 521 318-ը աշխատում են Երևանում, հետևաբար նրանց զգալի մասն օգտվում է հասարակական տրանսպորտից:

Ակնհայտ է, որ Երևանում հասարակական տրանսպորտի համակարգում կատարված փոփոխություններից հետո հասարակական տրանսպորտը դեռևս չի ապահովում քաղաքացիների համար սպասարկման նվազագույն բավարար որակ: Տրանսպորտի ուղեվարձի արժեքը պետք է սահմանված լինի այնպես, որ նպաստի անձնական տրանսպորտային միջոցներով երթևեկելուց հրաժարվելուն և քաղաքային տրանսպորտով երթևեկելուն, նկատի ունենալով, որ տրանսպորտային ցանցի բարեփոխումների նպատակներից է նաև մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափումը անձնական տրանսպորտային միջոցներից ։

Տրանսպորտային միջոցները և դրանց ցանցը պետք է լավարկվեն հարկատուների կողմից վճարված հարկերի հաշվին: Ազգաբնակչության ուսերին լրացուցիչ բեռ դնելը կհանգեցնի քաղաքացիների շրջանում լրացուցիչ սոցիալական լարվածության առաջացման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Մինչև վերոնշված իրավական ակտերի կիրառումը և Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու տրանսպորտային ցանցի բարելավումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի ենք համարում:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում Երևանի ավագանուն զերծ մնալ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումից»:

Այս խորագրի վերջին նյութերը